Բացել լրահոսը Փակել լրահոսը
94703464-7B3C-43DB-ABF7-E7D732902E14_w1023_r1_s
A A
Քաղաքականություն Տնտեսություն

ԱՄՆ կոնգրեսականներ՝ արտաքին օգնության հատկացումները կազմում են ԱՄՆ բյուջեի մեկ տոկոսը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի դեմոկրատ և հանրապետական բարձրաստիճան կոնգրեսականներն անդրադարձել են արտաքին օգնության հատկացումներին: Վերջիններս պատասխանել են Ամերիկայի Ձայնի հարցերին Հայաստանին առնչվող հատկացումների վերաբերյալ

ԱՄՆ կոնգրեսական Ջեկի Սփիրը ընդգծել է Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու կարևորությունը Հայաստանի մասին Հելսինկյան հանձնաժողովի լսումներին: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ կվերանայի Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի նպատակով HALO Trust-ին տրամադրվող օգնության հարցը:

«Մենք հաջորդ տարվա համար նվազեցրել ենք HALO Trust-ին ուղղված հատկացումները մինչև 500 հազար դոլար, այն դեպքում, երբ HALO Trust-ին անհրաժեշտ է 6 միլիոն դոլար 3 տարվա ընթացքում՝ ականազերծման աշխատանքները ավարտելու համար: Ես հույս ունեմ, որ կվերանայենք այս հարցը՝ գիտակցելով, որ պետք է օգնենք HALO Trust-ին ավարտին հասցնել սկսած աշխատանքը»,- նշել է կոնգրեսական Սփիրը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Նիտա Լոյին իր հերթին վերահաստատում է, Կոնգրեսը կողմ է Հայաստանին հավելյալ մոտ 40 միլիոն դոլար հատկացնելուն՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով:

«Այս պահին չունենք որևէ հակազդում այս հարցում, սակայն ոչինչ բացառված չէ այս վարչակազմի պարագայում: Մենք աջակցում ենք օգնության տրամադրմանը»,- հայտնում է կոնգրեսական Լոյին:

Ղարաբաղում ականազերծման ծրագրին անդրադառնալով՝ նա ընդգծում է դրա կարևորությունը:

«Այս պահին չունեմ որևէ նոր բան հայտնելու, սակայն վստահեցնում եմ, որ ուշադրության կենտրոնում կպահեմ այս հարցը, քանի որ գիտեմ, թե որքան կարևոր է այս ծրագիրը»:

Հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, հանրապետական կոնգրեսական Քեյ Գրենջերը ևս շեշտում է ականազերծման խնդրի կարևորությունը:

«Այս խնդիրը չափազանց կարևոր է: Այս իրավիճակը պետք է ավելի խորը ուսումնասիրենք, քան անում ենք այսօր: Չկա արագ կարգավորում այս հարցում, բայց ես կցանկանայի քննարկել հարցը անմիջապես հայկական կողմի հետ»:

Օրերս ելույթ ունենալով Վաշինգտոնի Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնում՝ հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները ընդգծել են, որ արտաքին օգնության ծրագրերը չափազանց կարևոր են և չեն կարող դադարեցվել:

«Դրանք չափազանց կարևոր են, քանի որ չեն տրամադրվում կոռումպացված կառավարություններին, այլ՝ պայմանագրային կազմակերպություններին, որոնք օգնում են մարդկանց իրականացնել փոփոխություններ»,- ասում է Գրենջերը:

Նրանք տարակուսանք հայտնեցին, որ հանրությունը միշտ չէ, որ գիտակցում, թե որքան կարևոր են արտաքին օգնության հատկացումները, որոնք կազմում են ԱՄՆ բյուջեյի ընդամենը մեկ տոկոսը:

«Ցավոք ամերիկյան հանրության զգալի մասը չի գիտակցում արտաքին օգնության կարեւորությունը։ Ես սակայն համոզված եմ, որ հարկավոր է աջակցել զարգացող երկրների խաղաղ զարգացմանը՝ չսպասելով այնտեղ ռազմական միջամտության անհրաժեշտությանը»,- կարծում է հանձնաժողովի նախագահ Լոյին:

Վերջինս քննադատեց գործող վարչակազմի մոտեցումներն արտաքին օգնության ոլորտում՝ նշելով, որ խնդիրը գործող վարչակազմի որոշ գործիչներն են, որոնց թվում է, որ USAID մասնագետներից ավելի լավ են պատկերացնում ոլորտը՝ իրենց իրավունք վերապահելով փոխել ԱՄՆ արտաքին օգնության տրամադրման առաջնահերթությունները։