Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է (տեսանյութ)

Վարչապետը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։


Իր խոսքում վարչապետը նշել է.

 

 «Հարգելի պարոն Սիմոնյան, 

 

Հարգելի ներկաներ

 

Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանը: Ես ծնվել եմ 1975 թվականին և այն ժամանակից, երբ ինքս ինձ հիշում եմ, հիշում եմ, որ մեր ընտանիքի, միջավայրի բոլոր առիթների, սեղանների շուրջ անպայման անխուսափելիորեն ինչ-որ մի պահի խոսակցությունը հասել  է «Արարատ 73»-ին և Նիկիտա Սիմոնյանին:

 

 Ինձ համար որպես մարդ, որին ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է այդ անունը որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր անձամբ ծանոթանալ և այս առիթը ունենալ: Կարծում եմ, որ իսկապես շատ դիպուկ է բնորոշում այս շքանշանը իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ծառայությունը, վաստակը, որովհետև կարծում եմ, որ խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին չէ. «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը, մեր ազգային ինքնավստահության, մեր ազգային հպարտության, սեփական ուժերի նկատմամբ մեր հավատի մի շատ կարևոր հենասյուն: 

 

«Արարատ-73»-ն այն խորհրդանիշն է, որը մեզ ապացուցում է ամեն օր, որ այն ժամանակ, երբ մենք իրար հետ ենք, երբ մենք կանգնած ենք կողք- կողքի, երբ մենք ունենք ընդհանուր ձևակերպված նպատակ և երազանք՝  կարողանում ենք ստեղծել հնարավորություն այդ երազանքը կյանքի կոչելու համար: Կարծում եմ, որ մեր երկարամյա պատմության մեջ «Արարատ-73»-ի ցուցաբերած սխանքը և այն աշխատանքը, որն արել է պարոն Սիմոնյանը, իսկապես շատ կարևոր հանգրվան է և մեզ ուժ է տալիս ոչ միայն երազելու, այլև այդ երազանքները կյանքի կոչելու:

 

Հարգելի պարոն Սիմոնյան, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հայրենիքին մատուցած ձառայությունների համար։ Մենք հպարտ ենք Ձեզնով, Դուք Ձեր աշխատանքով մեզ տվել եք հպարտություն: Ուրախ ենք Ձեզ այսօր տեսնել այսպիսի բարձր տրամադրությամբ, այսպիսի հիանալի երիտասարդ տեսքով և բոլորիս համար մեծ պատիվ կլինի առաջիկայում Ձեզ տեսնել Հայաստանում: Կրկին և կրկին շնորհակալություն», - նշել է վարչապետ Փաշինյանը։

 

Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ միշտ հպարտ է եղել հայ լինելու, ֆուտբոլում արձանագրած հաջողություններով հայ ազգի պատիվը բարձր պահելու համար։