Մտավախություն կար, որ Հայաստանը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել. Լ․ Ալեքսանյանը՝ Հոկտեմբերի 27-ի պատճառների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միասնություն» դաշինքի հետևորդների ակումբի խորհուրդը նախաձեռնել է «20 տարի անց» խորագրով միջոցառում, որը նվիրված է Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցում են 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները, որոնք մասնակից են եղել այդ իրադարձությանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։
Ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա ընդգծեց, որ «Միասնություն» դաշինքը հենց այնպես չի ստեղծվել, այլ երկար գոյատևելու համար։ ԱԺ նախկին պատգամավորը որոշ մանրամասներ հիշեցրեց «Միասնություն դաշիքնի ստեղծումից առաջ և հետո։
«Մինչև դաշինքի ստեղծումը երկրում տիրում էր քաոսային վիճակ, տնտեսությունը անկում էր ապրում, քաղաքական վիճակը շատ բացասական էր։ Հայոց համազգային շարժման բուռն միասնությունից հետո ստեղծվել էին հասարակության մեջ բազմաթիվ շերտավորումներ։ Դաշինքի ստեղծումը նոր հույս ու հավատ ներշնչեց։ Այստեղ շատ կարևոր էին նաև Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի անձերը, բայց նաև ավելի խորքային բան կար՝ այն ուժերը, որոնք մի տարի առաջ պայքարել են իրար դեմ, այսօր միանում են, որը երկրի առաջընթացի և զարգացման համար էր»,- ելույթում նշեց պարոն Ալեքսանյանը՝ հավելելով, որ թե՛ ՀԺԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի ժամանակ ամբիցիաներ կային։
«Շատ բարդ պրոցեսներ էին. Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մեծ հեղիանկությունն էր միայն, որ կարողացան հաղթահարել էմոցիաները, հավատացին իրենց և ստեղծեցին դաշինքը, և առաջին մի քանի ամսում զգացվեց, որ այն մեծ անելիք ունի»,- ընդգծեց նա։
Շարունակելով ելույթը՝ Լեռնիկ Ալեքսանյանը խոսեց Հոկտեմբերի 27-ի պատճառների մասին։
«Ես չգիտեմ՝ ենթադրություններ ենք անում, կապում ենք անձանց հետ, բայց Հոկտեմբերի 27-ը իմ խորին համոզմամբ պատճառահետևանքային կապով կապված էր դաշինքի ստեղծման հետ․․․․ Մենք բոլորս գիտենք, որ թույլ Հայաստանը ձեռնտու էր բոլորին։ Մտավախություն կար, որ Հայաստանը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել»,- ասաց պարոն Ալեքսանյանը։