Բացել լրահոսը Փակել լրահոսը
73475280_411494019516605_8612502982988136448_n
A A
Հասարակություն

Գործատուն վստահո՞ւմ է ոլորտում առաջին քայլերն անող ուսանողներին․ աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանի բակում (տեսանյութ)

50-ից  ավելի գործատուներ այսօր հավաքվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում։ Նպատակն ուսանողների աշխատանքի հեռանկարներն ընդլայնելն է։

Աշխատանքի տոնավաճառին ներկա էին ուսանողներ ոչ միայն Տնտեսագիտական համալսարանից, այլ նաև Հայաստանի տարբեր բուհերից։

 Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը վստահ է՝ նման տոնավաճառները մեծ արդյունավետություն են ապահովում։

Ասում է՝ միջոցառման նպատակն է առավել ինտենսիվ  դարձնել կրթություն- աշխատաշուկա կապը․

«Միջոցառումը կազմակերպվել է ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ։ Մեզ աջակցել է Զբաղվածության պետական գործակալությունը, ինչպես նաև աջակցություն ենք ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից։ Նպատակն է նաև գործատուների կարիքների վերհանումը , որովհետև կրթական բարեփոխումները պարտադրում են, որպեսզի մենք գործնական հմտություններ փոխանցենք մեր ուսանողներին»։

Արդյոք գործատուն վստահո՞ւմ է ոլորտում առաջին քայլերն անող ուսանողներին և պատրա՞ստ է աշխատանք տրամադրել նրանց։ Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանն ասում է՝  խնդիրը կա, բայց կան նաև պետական ծրագրեր, որոնք միտված են ապահովելու ուսանողի համար աշխատանքային փորձը․

«Կա բյուջեից ֆինանսավորվող պետական ծրագիր, որը հենց ապահովում է 3-ամսյա աշխատանքային պրակտիկա աշխատանքային պայմանագրով, և ամբողջ գումարը փոխհատուցում է պետությունը։ Փորձը ցույց է  տվել, որ այդ ծրագրից օգտվող ուսանողների 50 տոկոսից ավելին պրակտիկայի ավարտից հետո շարունակում է աշխատել տվյալ գործատուների մոտ»։

Զբաղվածության կոմիտեի ղեկավարն ասում է նաև՝ նման միջոցառումները պարբերաբար անցկացվում են տարբեր կրթական հաստատությունների հետ համագործակցությամբ և բավականին արդյունավետ են․

«Եղել են դեպքեր՝ հենց տեղում կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Այս տարի թվով 7-րդ տոնավաճառն է, առաջիկայում սպասվում են ևս 3-ը Արմավիրում, Եղավարդում։ Երևանում արդեն ավելի բազաճյուղ տոնավաճառ է լինելու»,- ասաց նա։