Ակնհայտ երևում է ԵԺԿ-ում ՀՀԿ-ի տարած լոբինգը․ «Ժառանգության» նախագահը՝ Դոլի հայտարարության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը և ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։
«ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին․․․ Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել Հայաստանում դատաիրավական համակարգի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մտահոգություն ենք հայտնել երկրում մամուլի եւ խոսքի ացատության հանդեպ վերջին ոտնձգությունների կապակցությամբ»,- նշել էր Արմեն Աշոտյանը։
Ժոզեֆ Դոլն, ըստ Աշոտյանի, կարեւորել էր, որ Հայաստանի գործող կառավարությունը պետք է ապահովի մամուլի ազատությունը եւ դատական իշխանության անկախությունը։
Իսկ հոկտեմբերի 24-ին ԵԺԿ նախագահը իր թվիթերյան էջում գրել էր, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով, որ Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն, գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:
ԵԺԿ-ն նաև կոչ էր արել Եվրոպական և այլ միջազգային կառույցներին ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում։
Ինչպես Հայաստանի հանրապետական, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամներ են։
«Ա1+»-ը Դոլի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության համար կապ հաստատեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։
Պարոն Գրիգորյանն ասաց, որ առանձնապես ասելու բան չկա։ «Այդտեղ ակնհայտ երևում է ԵԺԿ-ում ՀՀԿ-ի տարած լոբինգը։ Առաջիկայում՝ նոյեմբերի 19-ին ԵԺԿ-ում էլ են սպասվում փոփոխություններ, և ընտրությունների արդյունքում կձևավորվի քաղաքական նոր ղեկավարություն, որի հետ «Ժառանգություն»-ը կփորձի ավելի ակտիվ կապեր հաստատել»,- նշեց նա։
«Ժառանգության» նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում առկա սահմանադրա-իրավական խնդիրների մասին կուսակցությունը բազմիցս հայտարարել է, և որ գործող իրավիճակը 2015 թվականին կեղծիքներով ընդունված Սահմանադրության արդյունքն է, որին ԵԺԿ-ն ժամանակին հավանություն է տվել։
Խոսելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ կապված քրեական գործերի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում առկա է իրավական ճգնաժամ, որն արդեն իսկ վերաճել է կառավարման համակարգի ճգնաժամի։
«Մենք դեռևս ապրիլին հայտարարեցինք, որ Հայաստանում աստիճանաբար կառավարման ճգնաժամի արմատներ են նկատվում, և, ցավոք սրտի, պետք է նշենք, որ այդ արմատներն օրեցօր ավելի են խորանում են, որովհետև իշխանությունների որդեգրած գործիքակազմն առաջարկում է կարճաժամկետ լուծումներ։ Իշխանությունները դեռևս երկրի օրենսդրական բազան չեն համապատասխանեցրել հայաստանյան նոր իրողություններին։ Ցավոք, մենք դեռևս այդ կամքը չենք տեսել»,- նշեց նա։
Ըստ նրա՝ իշխանությունները պետք է հրաժարվեն կարճաժամկետ լուծումների շուրջ կենտրոնանալուց և կենտրոնական դաշտն առողջացնեն իրավական փոփոխություններով, իսկ ովքեր որ նախկին քաղաքական համակարգի շրջանակում հանցագործություններ են կատարել, նոր ձևավոր քաղաքական համակարգի շրջանականում պետք է իրենց արածի համար իրավական պատասխան տան։
Վերադառնալով ԵԺԿ-ին՝ Անդրանիկ Գրիգորյանն ասաց․ «Այդ նույն ԵԺԿ-ն 2013 թվականի կեղծված ընտրությունները ճանաչեց, 2017 թվականի կեղծված ընտրությունները ճանաչեց։ Մենք բազմիցս մեր հայտարարություններով փորձել ենք հավասարության նշան դնել ստեղծված իրավիճակում։ Անգամ երբ որ երկու ԵԺԿ կուսակցություն մասնակցում էին նախագահական ընտրություններին կուսակցություն (2013-ին ՀՀԿ-ից առաջադրված Սերժ Սարգսյանի և ԺԿ-ից առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին նկատի ունի – հեղ․), ԵԺԿ-ն ակնհայտորեն պաշտպանեց Հանրապետական կուսակցության թեկնածուին»։
Խոսելով ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին Ազգային անվտանգություն ծառայություն հարցաքննության կանչելու մասին՝ կուսակցության նախագահը հավելեց, որ ընդունելի չէ, երբ որ ընտանիքի անդամները քաղաքական գործընթացների մեջ են հայտնվում։
«Բայց ԵԺԿ հայտարարության հետ կապ չունեն մեր մոտեցումները, ես՝ հիմա, եւ թե կուսակցության փոխնախագահը բարձրաձայնեցինք դա։ Որովհետև այստեղ ակնհայտ է Հանրապետականի և ԵԺԿ ղեկավարության ակտիվ համագործակցությունը»,- եզրափակեց նա։
«Ա1+»-ն այս հարցով նաև կարծիքի համար կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Նա ասաց, որ հայտարարություն անողը կուսակցական չինովնիկ (նկատի ունի Ժոզեֆ Դոլին – հեղ․) է եղել։
«Ինչի՞ պիտի պետական մակարդակով անդրադարձ լինի դրան։ Պետական կառույց չէ, կամ միջազգային կառույց չէ, որին Հայաստանն անդամակցում է․ Վենետիկի հանձնաժողով չէ կամ մեկ այլ կառույց»,- նշեց նա։
Նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյմեբերի 19-ին Եվրամիության անդամ Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաք Զագրեբում։