Բացել լրահոսը Փակել լրահոսը
Babloyan-Ara3
A A
Քաղաքականություն

Բաբլոյան. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի» (տեսանյութ)

«Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ եւ կարծում եմ, որ ինչ որ արել եմ՝ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում եմ արել»,-ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշեց, որ շատ բարի է տրամադրված զրույցի է եղել:

Պնդեց, որ Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, հետո միայն հայտարարություն արել. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի: Իհարկե, տեսել եմ»:

Այլ մանրամասներ Արա Բաբլոյանը չի  ասել:

Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ նախաքննության փուլում են, հետեւաբար՝ նախաքննական գաղտնիքի խնդիր կա:

Արա Բաբլոյանը, ինչպես ՀՔԾ-ն է  հայտարարել, կասկածյալի կարգավիճակում է: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրյալ է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար:

Դա հիմք է հանդիսացել, որպեսզի Հարությունյանի լիազորությունները դադարեցվեն, որպեսզի հետագայում այդ պաշտոնում առաջադրվի Հրայր Թովմասյանը: