Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Չեմ կարծում, որ մենք պետք է տնտեսությունն անընդհատ պահենք լարված վիճակում․ վարչապետ (տեսանյութ)

Պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպե՞ս են ծրագրում նախկինից մնացած տարբեր տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությունը՝ տնտեսության մեջ ենթակառուցվածքային ներդրումներ անելու իմաստով, քանի որ նրա խոսքով՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությանը  հասցվել է անդառնալի վնաս մի քանի սեփականատերերի կամ նախկին օլիգարխների կողմից։

«Վնասի մասշտաբներն ու համակարգային բնույթը այնքան մեծ են, որ նույնիսկ ազատ մրցակցային պայմանները և մենաշնորհների վերացումը բավարար չեն, որպեսզի տնտեսությունը անկողնային հիվանդի վիճակից կարողանանք դուրս բերել»։

Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ համաձայն չէ պատգամավորի դիտարկման հետ,  թե մեր տնտեսությունը անկողնային հիվանդ է, որովհետև հիմա մեր տնտեսությունը բավականին լավ դինամիկա է արձանագրում։

Ենթակառուցվածքների ներդրման վերաբերյալ դիտարկմանը վարչապետն ասաց․

 «Մենք այս տարի աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանք ենք կատարում և մյուս տարի՝ առավել ևս։ Մենք մի քիչ ընկալումների ռեժիմը պետք է փոխենք։ Իմ հարցը հետևյալն է՝ ընկերությունը, գործարարը արդյոք աշխատո՞ւմ է օրինական դաշտում և իր հարկային պարտավորությունը կատարո՞ւմ է։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է տնտեսությունը և տնտեսվարողներին անընդհատ պահենք լարված վիճակում։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք շատ հստակ ցույց ենք տվել, որ սեփականության անձեռնամխելիության իրավունքը պաշտպանում ենք հստակ»։

Ըստ վարչապետի՝ խոշոր ներդրումներ եղել են և այսօր էլ կան․

«Մենք պետք է բաժանենք դերերը։ Կառավարությունը պետք է ենթակառուցվածքային ներդրումներ անի, չնայած տեղ-տեղ նաև պետություն-մասնավոր համագործակցության մոդելը կարող է գործել, իսկ որ այս պահին կա որոշակի ներդրումային հետաքրքրություն, կարծում եմ դրա մասին վկայում է նաև եվրաբոնդերի վաճառքի մեծ ցուցանիշը»։

Արման Բաբաջանյանը նշեց, թե խոսքը ոչ թե այսօրվա, այլ նախկինում գործող տնտեսվարողների մասին է, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց․

«Այստեղ վարքագծի հարց կա, և այդ հարցը այնքան էլ պարզ հարց չէ, որովհետև կա ընկերություն, որն ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմներով գործունեություն է ծավալել, և նրա նկատմամբ կա քրեական գործ հարուցված, բայց այսօր մեր տնտեսագետները նաև ասում են, որ եթե այս ընկերությունը սնանկանա հանկարծ, դա մեր տնտեսությանը կբերի նեգատիվ հետևանքներ։ Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ թող աշխատեն շատ, շատ հարկեր վճարեն, իսկ ենթակառուցվածքային ներդրումները Կառավարությունը  կանի»։