Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ օրենքը չի բերվել Խորհրդարան․ Էդմոն Մարուքյանը վարչապետին հարցրեց աշխատավարձերի բարձրացման մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթացող Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Լուսավոր  Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարչապետի գաղտնի հանձնարականով նախարարների, փոխնախարարների և մարզպետերի աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ․

«Մենք խոսել ենք, որ նախկինում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ծրարներով աշխատավարձեր են ստացել, կոռումպացված են եղել։ Ուզում եմ հարցը քննարկել այն համատեքստում, որ Դուք շրջանցել եք  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, հայտնի սանդղակը և բարձրացրել եք սանդղակի մեջ երեք սուբյեկտների աշխատավարձերը, ես խնդիր եմ տեսնում որ առանց Խորհրդարանի է սա եղել։ Եվ երկրորդ, դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում, կխնդրեի պարզաբանել թե ինչո՞ւ օրենքը չի բերվել Խորհրդարան, և սանդղակը չի վերանայվել»։

Էդմոն Մարուքյանի հարցին վարչապետն արձագանքեց․

«Այդ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձն է բարձրացել, ոմանցը իջել է, և հենց որոշման անկյունաքարային նշանակությունը սա է։ Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի անձինք պետք է նույն աշխատավարձը ստանան։ Օրենքի հետ կապված, այս օրենքը վաղուց այդպես չի գործում, որովհետև այդ սանդղակը վաղուց է խախտվել։ Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային, որովհետև 2019 թվականի բյուջեի քննարկումների արդյունքում  ես այս ամբիոնից ասել եմ, որ պարգևատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ»։

Վարչապետի խոսքերով՝ ինքն հայտարարել է, որ ԱԱԾ-ում, Ոստիկանությունում  և այլ մարմիններում պարգևավճարներով աշխատարվարձերը բարձրացել են․

 «Մենք համարել ենք, որ բավարար չափով հանրության հետ եւ ԱԺ-ում քննարկում ենք ունեցել, որպեսզի այդ հարցը մենք լուծենք»։

Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե գումարը, որ սահմանվել է, 30 տոկոսից բարձր է սահմանվել, իսկ ԱԺ-ն երբ հաստատել է ֆոնդը, մտածել է, որ խոսքը գնում է 30 տոկոսի մասին, վարչապետն արձագանքեց․

 «30 տոկոսի մասին մենք խոսել ենք, բայց մենք չենք ասել, որ 30 տոկոսով է աշխատավարձերը բարձրանալու, մենք ասել ենք՝ գերատեսչության բյուջեից աշխատավարձի ֆոնդի  30 տոկոսի չափով սահմանվելու է պարգևատրումային ֆոնդ, ինչը նշանակում է՝ Կառավարությունը կարող է այդ 30 տոկոսը իր հայեցողությամբ օգտագործել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է գաղտնի եղել, վարչապետն ասում է՝ ԱԺ ամբիոնից բավարար չափով այդ հարցը քննարկված եղել է․

 «Խոսել նախարարի վճարման գաղտնիության մասին տեղին չէ, որովհետև նախարարը ամեն տարի լրացնում է հայտարարագիր»,- ասաց նա։