Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարազդատ Կարապետյանն առաջարկում է՝ Սևանից 170 մլն խորանարդ մետրից ավել ջրառ չկատարել (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Վարազդատ Կարապետյանը նախագծով առաջարկում է, որպեսզի 170 մլն խորանարդ մետրից ավել ջրառ Սևանից չկատարվի, այդ թվում, եթե Կառավարությունը առաջարկ ներկայացնի Ազգային ժողովին: «Մեր մոտեցումն այն է, որ Սևանը ամբողջական էկոլոգիական համակարգ է, կենդանիներով, բույսերով, ափամերձ հատվածով ներառյալ: Եվ մենք չենք կարող Սևանը դիտարկել որպես ջրի պաշար, որտեղից հենց որ նեղվում ենք հնարավորություն ունենանք ավել ջրառ իրականացնել»,- ասաց նա և հավելեց, որ «Կառավարությունը պետք է հստակ իմանա, 170 մլն խորնարդ մետր է և վերջ, անկախ նրանից, թե գյուղատնտեսության համար տարին բարենպա՞ստ է, թե՞ ոչ»,- ասա նա:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ Սևանի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով նախատեսված է առավելագույնը 170 մլն խորնարդ մետր Սևանի լճից ջրառ կատարել:

Վարազդատ Կարապետյանը հիշեցրեց, որ 2012թ. Սևանա լճի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո գրեթե ամեն տարի Կառավարությունը դիմել է Ազգային ժողովին ավել ջրառ իրականացնելու խնդրանքով կամ պահանջով: «Օրենքով ավել ջրառ են նախատեսել, մինչև 350 մլն խորնարդ մետր ջուր են տվել»,- ասաց նա:

Ի դեպ, Վարազդատ Կարապետյանը ելույթում նաև նշեց, որ Սևանի հետ կապված դրական տեղաշարժ կա: «Այս տարի օրենքով սահմանված՝ մոտ 30 մլն խորանարդ մետրից պակաս ջրառ է իրականացվել Սևանից և մոտ 5 սմ Սևանն ավելի բարձր է, քան անցյալ տարվա ժամանակահատվածում: Նաև երեկ համացանցում նկարներ կային, որ Սևանի ափամերձ հատվածում ջրի մեջ ծառերի կոճղերը՝ հատկապես Վարդենիսի հատվածում, սկսել են մաքրել»,- ընդգծեց պատգամավորը: