Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1277
A A
Քաղաքականություն

Արսեն Բաբայանի ձերբակալության գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ հոկտեմբերի 23-ին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը։

Ի աջակցություն Բաբայանի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել նրա ընկերները։ Նրանց թվում են «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, իրավաբան Գարեգին Պետրոսյանը, «ՎԵՏՕ»-ից Անի Հովհաննիսյանը, Ռոբերտ Մելքոնյանը, Նարեկ Մալյանը, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբան Ռուբեն Մելիքյանը և այլք։ 
 
Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքների։ 
 
Առերևույթ կատարված նոր հանցագործության դեպքի հիման վրա՝ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով Բաբայանը ձերբակալվել էր:
 
Լրագրողների հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ Արսեն Բաբայանի քաղբանտարկյալ է, քանի որ 314-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում Բաբայանը չպետք է ձերբակալվեր։ 
 
Ակցիայի մասնակիցները հանդես եկան հայտարարություններով։ 
 
«Ես այս դատարանի դիմաց եմ 2006-07 թվականներից, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ վարչապետ է Նիկոլ Փաշինյանը», - ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը։ 
 
Նա նշեց, որ 2007 թվականին մասնակցել է հավաքին, որ կասեցնի Նիկոլ Փաշինյանի և մնացածի հանդեպ հետապնդումները։ Սամսոնյան ասաց, որ իր համար անսպասելի է, որ Փաշինյանն ավելի վատ քայլերի կարող է գնալ, քան անում էին նախկինները։ «Ես հիմա շատ եմ ամաչում, որ այստեղ Նիկոլ Փաշինյանի համար կանգնած եմ եղել», - հայտարարեց նա։ 
 
 Անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալությանը՝ կազմակերպության ղեկավարն ասաց, որ սա այն հետապնդումների շարքն է, որ տեղի է ունենում արդեն վերջին ամիսներին։
 
Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ չի ապահովվել Բաբայանի ներկայությունը։ Վարոսյանն ասաց, որ նոր մեղադրանք է առաջադրվել Արսեն Բաբայանին՝ իշխանության յուրացմանն օժանդակելու հատկանիշներով։ 
 
«Մեղադրանքը իրականության հետ աղերս ունենալ չի կարող», - նշեց նա՝ հավելելով, որ իր պաշտպանյալին առաջադրվել է ապօրինի մեղադրանք։ Վարոսյանն ասաց, որ մեղադրանքը չէր կարող առաջադրվել, քանի որ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչի կողմից Բաբայանին նաև կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ 
 
 
Դատական նիստը տեղի կունենա վաղը 17:45-ին։