Բացել լրահոսը Փակել լրահոսը
LOZ45MFHFS
A A
Քաղաքականություն

Գործընթացը գաղտնի լինել չի կարող. Գևորգ Պետրոսյանը՝ նախարարների աշխատավարձների բարձրացման մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հակված է մտածել, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով ոչ թե բարձրացրել է նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը, այլ դրանք պարգևավճարներ են եղել:

«Ամենամեծ ցանկության դեպքում էլ վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, որովհետև ՀՀ-ում գործում է դեռևս 2013 թ. ընդունված Պետական պաշտոնների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը: Այսինքն՝ օրենքով է այդ հարցը լուծվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

ԲՀԿ պատգամավորը կարծում է, որ այդ գործընթացը գաղտնի լինել չի կարող, ավելին՝ «ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի՞ համար է ստանում աշխատավարձ»:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը: Գևորգ Պետրոսյանը չշտապեց իրավական գնահատական տալ, որովհետև հիմքերին ծանոթ չէ:

«Բայց մի քանի ճանաչված իրավաբան հանդես են եկել հայտարարություններով, ըստ որի՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով նա չէր կարող ձերբակալվել, որովհետև այդ հոդվածի նկատմամբ կիրառելի է եղել համաներման մասին օրենքը: Այդ առումով հիմքերը բավականին խարխուլ են»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը: