Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշխատատեղերի մասին
A A
Տնտեսություն

Տնտեսական աճի տեմպը բավարար չի եղել՝ գործազրկության և միգրացիայի բարձր տեմպերը հաղթահարելու համար․ փորձագետ (տեսանյութ)

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցը՝ «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով։

Զեկույցի շնորհանդեսի ժամանակ դրա բովանդակությանն անդրադարձավ հեղինակներից Սևակ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, և տնտեսական աճը չի կարողացել լուծել վերջին տարիներին նկատված աճը։ «2018 թվականին տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն, և նոր մեթոդաբանությամբ սկսած 2018 թվականից վիճակագրական կոմիտեն հաշվարկում է գործազրկության նոր ցուցանիշը, որով 2018 թվականի ցուցանիշը 20,7 տոկոս է»,- նշեց նա։

2011-17 թթ․ զբաղվածների քանակը 163 հազարով նվազել է, և դրանց մեծ մասը մասնագիտական կրթություն չեն ունեցել։ Շարունակելով՝ նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների քանակը նվազել է, որի հետևանքով ծառայությունների կշիռն է մեծացել։ 

2011-17 թթ․ տվյալներով՝ բոլոր ոլորտներում եղել է տնտեսական աճ՝ բացառությամբ շինարարության ոլորտի, և ոչ բոլոր ոլորտներում է տնտեսական աճին զուգահեռ տեղի ունեցել զբաղվածության աճ և, զեկույցի համահեղինակի փոխանցմամբ՝ միայն մշակող արդյունաբերության մեջ է, որ երկու տոկոսով զբաղվածությունն աճել է։  

Ծառայություների ոլորտում, շարունակեց Հովհաննիսյանը, նույնպես առկա է տնտեսական աճի դինամիկա․ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղում, սակայն զբաղվածությունը նվազել է։ 

«Ամենաշատ դրական փոփոխությունները զբաղվածության տեսանկյունից Ֆինանսների, զբոսաշրջության, կեցության և հանրային սննդի կազմակերպում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է գրանցվել»,- ընդգծեց նա։

Արագ տեմպերով, ըստ Սևակ Հովհաննիսյանի, կրճատվում են գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների կշիռը, իսկ փոխարենն աճում է ծառայությունների ոլորտում։ 

«Զարգացած երկրներում նաև շատ արագ տեմպերով կրճատվում է արդյունաբերության մեջ վերամշակման մեջ զբաղվածների կշիռը, սակայն զարգացող արագ աճող տնտեսություններում դեռևս պահպանվում է արդյունաբերության մեջ աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը»,- շեշտեց նա։

Համաշխարհային տնտեսության կառուցվածքը, ըստ փորձագետի, փոփոխվում է ապագա աշխատաշուկաների, ապագա կարիքների համար՝ դրան զուգահեռ մեծացնելով անորոշությունը։ 

«Հայաստանում տնտեսական աճի տեմպը բավարար չի եղել գործազրկության և միգրացիայի բարձր տեմպերը հաղթահարելու համար»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը։