Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն մարուքյան
A A
Քաղաքականություն

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապագա չունի. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումը ապագա չունի:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 21-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ հոդվածն ընկնում է համաներման տակ:

«Արսեն Բաբայանի ձերբակալումը ապագա չունի, ես հույս ունեմ, որ նրան չեն տանի դատարան՝ կալանավորելու, գործը դրան չի հասնի: Նա, իր մեղքը չընդունելով, կարող է չառարկել, որպեսզի համաներման ակտը կիրառվի իր նկատմամբ և նրա քրեական գործը կարճվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաև վարչապետի գաղտնի հանձնարարականին, ըստ որի՝ էականորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Պարոն Մարուքյանը դեմ չէ, որ պաշտոնյանները լավ աշխատանքի դիմաց ստանում են պարգևավճար, բայց գործընթացի գաղտնի լինելը չի ընդունում:

«Ես խնդիր ունեմ, որ «ՀԵՏՔ» էլեկտրոնային կայքի հարցմանն իրենք պատասխանել են, որ ընթացակարգը գաղտնի է արվում, սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, ուրեմն այն պետք է հրապարակային անել»,- նշեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ խորհրդարանը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» խմբակցության, համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար:

«Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգով ծախսվել, եթե իհարկե, խոսքը ազգային անվտագության ու պաշտպանական ծախսերին չի վերաբերում»,- նկատեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը|: