Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏիգԽաչ
A A
Տնտեսություն

Տարբեր ոլորտներում փոփոխությունները հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել․ նախարար (տեսանյութ)

Տնտեսագիտության դոկտոր, տնտեսագետ Կարեն Ադոնցը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ 5 տոկոս տնտեսական աճով Հայաստանը մնալու է նույն մակարդակի վրա՝ աշխարհում 115-րդ տեղում։

«Հայաստանը պետք է ունենա առնվազն 15 տոկոս տնտեսական աճ, որ շարժվի առաջ։ Կողքի երկրներն էլ են 5-6 տոկոս ունենալու, իրենք էլ մնալու են մեր նման»,- նշել էր Ադոնցը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցում էր «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության կազմած Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցի շնորհանդեսին։

Մինչ շնորհանդեսի մեկնարկը՝ նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։ 

Անդրադառնալով Ադոնցի նշած 15 տոկոսին՝ նախարարն ասաց, որ եթե մենք ուզում ենք եվրոպական երկրների քաղաքացիների կենսամակարդակի հասնել, պետք է ձգտենք բարձր տնտեսական աճի։

«Վերցնենք եվրոպական երկրների միջին շնչային համախառն ներքին արդյունքը։ Եվ եթե այն աճում է տարեկան երկու տոկոսով, ապա երկու տոկոսանոց աճը բացարձակ արտահայտությամբ տարեկան առնվազն 600-700 դոլար մեկ շնչին ընկնող եկամուտների աճ է նշանակում։ Մեկ շնչային ՀՆԱ-ն նույնչափ տարեկան ավել աճ ապահովելու համար 10 տոկոսը գերազանցող աճ պետք է ապահովենք»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Կարեն Ադոնցը, անդրադառնալով գործազրկության կրճատմանը, ասել էր, որ գյուղատնտեսությունը, տուրիզմը (սպասարկում, հյուրանոց և այլն), տեքստիլի, կարի արտադրությունները կարող են ինչ-որ թվով մարդիկ ներգրավեն, բայց դրանք ցածր մասնագիտացում ունեցող ոլորտներ են։ 

«Այդ ոլորտները տանելով մեծ թվով աշխատուժ՝ արդեն տեղ էլ չեն թողնում, որ մասնագիտական ոլորտները զարգանան՝ ինժիներություն, արդյունաբերական ոլորտում մասնագետներ։ Վերջիններս են բարձր ավելացված արժեք ստեղծողները, բարձր աշխատավարձ ստացող մասնագետները»,- ընդգծել էր տնտեսագետը։

Նախարարը համաձայն չէ այս տեսակետի հետ․ «Որովհետև եթե մենք խոսեինք 3-5 տարի առաջ տուրիզմում եղած զարգացումների մասին, ապա որևէ բարձր տեխնոլոգիական լուծում կդժվարանայինք հիշատակել կամ ցույց տալ, որը կարող էր ազդել տուրիզմի զարգացման վրա»։

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ բազմաթիվ բջջային հավելվածներ կան, որոնք վերլուծում են այն արձագանքները, որոնք որևէ զբոսաշրջային ծառայություն մատուցողի հետ կապված հասանելի հանրային տեղեկություններ են ապահովում։ Զբոսաշրջային ոլորտում ծառայություն մատուցողի համար այսպիսի տեղեկությունների վերլուծությունը, նախարարի կարծիքով, վաղվա մրցունակության աղբյուրն է։

«Զբոսաշրջության զարգացումն ավելացնում է բարձր տեխնոլոգիական բաղադրիչների կամ բարձր որակավորման մասնագետների պահանջարկը»,- համոզմունք հայտնեց նա։ 

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ այս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կարձանագրվի։ «Եկող տարվա համար նորից առիթ ունեցել եմ ասելու, էն ցուցանիշը , որ դրված է մասնավոր օրենքի նախագծում, իր մեջ երկու հիմք ունի։ Առաջինը նա է, որ մենք պետք է ունենանք երկարաժամկետ առումով տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու խնդիր, և այդ ուղղությամբ մենք ծրագրեր ենք մշակում արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառում, այդ թվում՝ զբոսաշրջության։ Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն ավելի արտադրողական, ավելի մրցունակ տնտեսության ճյուղեր ձևավորել»,- շարունակեց Տիգրան Խաչատրյանը։ 

Իսկ եթե ոչինչ տեղի չունենա, ըստ Խաչատրյանի, հաջորդ տարվա համար կանխատեսված 5 տոկոսը կլինի ամենապահպանողական նվազագույն ակնկալիքը։

«Բայց կարծում ենք, որ տարբեր ոլորտներում տեղի ունեցող քաղաքականության փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»,- եզրափակեց նա։