Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը

Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն:

Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ: Նախագահը նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries ընկերություն:

Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քաջալերելու նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում: