Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1237
A A
Քաղաքականություն

2 հազար փաստաբան կա այդ հանրույթում, ո՞ւր են․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի իրավաբանությունը շարունակվում է ընկալվել որպես հաց վաստակելու միջոց, գումար վաստակելու միջոց, ինչը կործանարար մոտեցում է։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ նա հիշեց Պակիստանի ՍԴ դատավորների ընդվզումը երկրի 10-րդ նախագահ  Պերվեզ Մուշարաֆի դեմ։ «Իհարկե Մուշարաֆի հետ համեմատած մենք հեռու ենք և Աստված հեռու պահի։ Շատ կոշտ դիկտատոր էր, արյունարբու՝ կարելի է ասել»,- նկատեց փաստաբանը։

Շարունակելով պատմությունը, Աթանեսյանն ասաց, որ ի վերջո Պակիստանի 10-րդ նախագահն ընկրկեց ՍԴ դատավորների առջև։ Իսկ հետաքրքիրն այն է, ըստ իրավաբանի, որ այդ հաջորդած իշխանություններն ամեն ինչ անում էին, որ նույն դատավորները չնշանակվեն։ «Պակիստանը ժողովրդավարական  ավանդույթ չունեցող երկիր է, բայց բախտները բերել է, որ գաղութատերը եղել է Անգլիան և Անգլիայում սովորած իրավաբաններից ձևավորվել և շարունակվել են այդ ավանդույթները»,- ընդգծեց նա։

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Խորհրդային ժամանակներում տարբեր մասնագիտական միություններն են ստեղծվել՝ նկարիչների, ճարտարապետների, որոնք ունեցել են ուղղակի վերահսկիչ դեր և հիմա էլ այդ ավանդույթները շարունակվում են իրավական ոլորտում։ Ըստ նրա՝ այդպիսի մի օրինակ դարձավ նաև Փաստաբանական պալատը։

«Վաղը տվյալ կառույցում պետք է լինի ժողով, ընդունում են կանոնադրության փոփոխություն, որով արգելվում է պալատի ղեկավարին քննադատելը։ Եվ գիտե՞ք որն է սարսափելին, որ գնալու են և ընտրեն, այսինքն՝ կողմ են լինելու, այսինքն՝ գորշ զանգվածը»,- ասաց նա։

Եթե 2005 թվականին, ըստ Աթանեսյանի՝ Փաստաբանների պալատը չստեղծվեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած կլիներ առնվազն 200-300 փաստաբան՝ անկախ հայաքներից պաշտպանելով օրենքը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգին, ասաց, որ դա ինչ-որ կիսագրագետ էքսպերտի գրած թուղթ է։

«10-20 փաստաբան կա, որ իր կարծիքն է  փորձում է հայտնել։ Բայց երկու հազար փաստաբան կա այդ հանրույթում, ո՞ւր են այդ 2 հազար փաստաբանները, ինչով են զբաղվում»,- հարցադրում արեց Աթանեսյանը։

Ոչ մի ռեֆորմ, ըստ նրա, չկա դատական համակարգում։ Շարունակելով փաստաբանների թեման՝ Աթանեսյանն ասաց, որ պետք է զարգացնել ոչ թե հանրային պաշտպանի գրասենյակը, այլ՝ տնտեսությունը, որ մարդիկ գումար ունենան դիմելու փաստաբաններին՝ որակյալ ծառայության համար, որպեսզի փաստաբանները լինեն անկախ և ֆինանսապես կայուն։ 

«Էլ չեմ ասում , որ կառույցն է փոխել պետք, կոնֆեդերատիվ կառույց է պետք ստեղծել։ Քանի մենք չունենք կայացած իրավաբանական կաստա։ Մարդիկ, որոնք չունեն քաղաքական առօրյա պահանջ և  իրենց միտքը և նպատակն օրենքն է և իրավունքը, ժողովրդավարությունը, սահմանադրականությունը, մենք միշտ ունենալու ենք նման վայրիվերումներ օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն այսինքն՝ քաղակտիվիստներ կլինեն, մարդիկ կլինեն քաղաքական դաշտից, իսկ անկախ կաստա, որոնց պահանջը մեկն է, որ օրենքը պետք է աշխատի՝ բոլոր դեպքերում և հստակ ու հզոր այդ խոսքը ասող չունենք և պետք է ունենանք»,- կարևորեց Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Աթանեսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն էր եղել, երբ  2009 թվականի հուլիսի 1-ին Փաշինյանը ընդհատակից ներկայացել էր դատախազություն։ 

Դիտարկմանը, թե լինելով Փաշինյանի փաստաբանը և հարցին, թե այս իրավական գործընթացները ինչո՞ւ են տեղի ունենում, արդյո՞ք Փաշինյանի անձնական հարցերով են պայմանավորված, պատասխանեց․ «Գիտեք, Դուք հիմա ինձ դրդում եք փաստաբանական էթիկայի կոպտագույն խախտման։ Ես իմ վստահորդների անձը երբեք ոչ մեկի հետ չեմ քննարկում»։