Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5d4a763814f08
A A
Քաղաքականություն

Լևոն Զուրաբյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման տարբերակ է առաջարկում (տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Այս մասին ասաց նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Ըստ պարոն Զուրաբյանի՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է նշանակվել՝ վայր չդնելով պատգամավորական մանդատը։

«Ընդ որում՝ այդ անօրինականությունը, շտապողականությունը, Գագիկ Հարությունյանի վաղաժամակետ հրաժարականը եղել է կորդինացված Սերժ Սարգսյանի կողմից, որ Հրայր Թովմասյանը նշանակվի ՍԴ նախագահ մինչև 2035թ․ ։ Այլապես նա այդ պաշտոնին կնշանակվեր 6 տարով։ Տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, որի հետևանքով Հրայր Թովմասյանը յուրացրել է իշխանությունը, 11 տարով երկարացրել է իր պաշտոնվարման ժամկետը, սա հանցագործություն է»,- ընդգծեց նա և հավելեց, որ այդ հանցագործության մեջ ընդգրկված են նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը 2018թ․ մարտի 21-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել։

Լևոն Զուրաբյանը դիտավորություն չի տեսնում, որ հիմա են պատկան մարմինները այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցում։

«Ստեղծվել է մթնոլորտ, երբ իրավապահ մարինները կարող են իրենց ֆունկցիաները կատարել, առաջ չէին կարողանում կատարել, որովհետև այդ նույն մարդիկ, որոնք կատարել են այդ հանցագործությունը, նրանց անմիջական ղեկավարներն էին, Սերժ Սարգսյանը և մնացածը, որոնք նրանց նկատմամբ ճնշում են գործադրել, իսկ հիմա այդ ճնշումները չկան»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Հատուկ քննչական ծառայությունում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Ազգային ժողովի դիմումը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ոչնչով չհիմնավորված նախաձեռնություն է եղել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը՝ գործի քննությունը վարույթ չընդունելը կանխատեսելի է եղել Լևոն Զուրաբյանի համար։

«Ակնհայտ էր, որ ՍԴ-ն, որն այսօր լեգիտիմ մարմին չի, ծաղրելու է լեգիտիմ ընտրված Ազգային ժողովին։ Դա անիմաստ և վտանգավոր քայլ էր։ Բոլորս տեսնում ենք, որ ՍԴ-ի հետ կապված ճգնաժամ կա, թե ո՞վ է Սահմանադրական դատարանի անդամ, իսկ ո՞վ դատավոր։ Մենք հիմա ունենք Սահմանադրական դատարան, որը չունի լեգիտիմություն և խնդիրը պետք է լուծել։ Ազգային ժողովը, երբ դիմում է այդ Սահմանադրական դատարանին, ակամա ճանաչում է նրան լեգիտիմ մարմին, որը սխալ է»,- ասաց նա։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու եղանակ ունի ՀԱԿ փոխնախագահը։ «Պետք է համապատասխան մարմինները՝ Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը նշանակեն դատավորներին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության։ Հիմա 2 դատավոր կա, 7 դատավոր էլ պետք է նշանակեն, ձևավորեն նոր՝ լեգիտիմ Սահմանադրական դատարան, որն ունի բոլորի վստահությունը, և այդ մարմինը որոշում կայացնի»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը։

Սահմանադրական դատարանի կողմից ԱԺ դիմումի գործի քննությունը վարույթ չընդունելը Լևոն Զուրաբյանը պայմանավորում է նրանով, որ «Սահմանադրական դատարանը պաշտպանում է կլանի շահերը, իրեն նշանակած հանցագործ կլանի շահերը»։

«Բնականաբար, մաֆիայի օրենքների համաձայն մինչև վերջ այդ գործն արվելու է»,- շեշտեց ՀԱԿ փոխնախագահը։