Բացել լրահոսը Փակել լրահոսը
73326078_503062303611623_4736942885574803456_n
A A
Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը Հրայր Թովմասյանի դեպքը համեմատեց բոլշևիկյան բռնաճնշումների հետ (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին Ազգային անվտանգության ծառայության կողմից հարցաքննության հրավիրելուն։

Նշենք, որ «Այլընտրանքային նախագծեր» խումբ» և «Իմ Ձայնը» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ընթանում է «ՀՀ  իրավական մարտահրավերները» խորագրով քննարկում։

Փոստանջյանը դեպքը համեմատեց Խորհրդային շրջանների բռնաճնշումների հետ։ Ըստ նրա՝ նախկինում եթե եղել են այսպիսի ճնշումներ, չի կարելի նույնկերպ վարվել։
 
«Արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք իրավական պետություն ունենալ», - հարցադրում արեց նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրավապահ մարմիններն ավելի բիրտ են, քան դատարանները։ 
 
Փոստանջյանն ասաց, որ գործադիր մարմինը շարունակ վկայակոչում է ժողովրդին, սակայն դա չի նշանակում, որ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, քանի որ ժողովրդի մի մասն է մասնակցել ընտրություններին։ 
 
«Երկիր Ծիրանի»-ի նախագահն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավոր» եզրույթին՝ նշելով, որ դրա հիման վրա էստաֆետ է փոխանցվում՝ ձվեր են շպրտում մամուլի վրա (նկատի ունի «Հայելի» ակումբի դեպքը - հեղ.) և այլն։ 
 
Իրավաբանը հավելեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախնական կալանքի, սեփականության իրավունքին հարցերով բողոքներ կան։ 
 
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո պետք է փոխվեր 2015 թվականին կեղծիքների ընդունված Սահմանադրությունը, սակայն իշխանությունները նախընտրեցին պահել այն։
 
Փոստանջյանը հիշեցրեց, որ անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան հրավիրել աշխարհահռչակ տնտեսագետ, հայազգի Տարոն Աճեմօղլուին։ 
 
«Տարոն Աճեմօղլուն մերժեց Նիկոլ Փաշինյանին», - ընդգծեց նա՝ պատճառաբանելով, որ դա կապված է Հայաստանում տիրող քաղաքական գործընթացներով, քանի որ Աճեմօղլուն տնտեսության զարգացումը կապում է տվյալ պետությունում առկա քաղաքական իրողություններով։