Բացել լրահոսը Փակել լրահոսը
73014246_475327133324484_5694359420192948224_n (1)
A A
Քաղաքականություն

Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ավարտվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, այն տեւեց 3 ժամից ավելի։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացրեց։

Լրագրողի հարցին, թե հայտնի՞ է եղել, որ հարձակում է լինելու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Անդրանիկ Քոչարյանը, փոքր-ինչ մտածելուց հետոը ասաց․

«Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման»։

Դիտարկմանը, թե հարձակումը անակնկալ չի՞ եղել, նա ասաց, որ հարցին այս փուլում ամբողջական պատասխան տալ չի կարող։ Թերացումներ եղե՞լ են, թե՞ ոչ, քննիչ հանձնաժողովը այդ հարցի պատասխանը կտա աշխատանքների վերջնական փուլում։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովում Արշակ Կարապետյանին հարց է ուղղվել, թե իրեն Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնից ազատելը իր թերացումների հե՞տ է կապված եղել։

«Ինչո՞ւ են ազատել, և հետո նշանակել է նույն մարդը, որը ազատել է, դա Սերժ Սարգսյանն եղել, ինչո՞ւ էիր ազատում, եթե հետո պետք է նշանակես։ Ինքը չգիտեր դրա պատասխանը, բայց ինքը հուշեց, երբ որ կգան այլ պաշտոնյաններ, խնդրում եմ այդ հարցը իրենց տվեք, որովհետև իր համար էլ պարզ չէր թե՛ ազատումը, թե՛ նշանակումը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել էր Ապրիլյան պատերազմից շաբաթներ անց, իսկ 2018 թ․տարեսկզբին նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ:

Հանձնաժողովն ամեն ինչ անում է, որ աշխատանքներն ավարտվի սահմանված ժամանակին և եզրակացություն տա, բայց ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այսօրվա հանդիպումից հետո, նոր խնդիրներ են առաջ եկել։ Նա չի բացառում, որ հարկ եղած դեպքում համապատասխան կարգով դիմեն Ազգային ժողովին և երկարացնեն քննիչ հանձնաժողովի ժամանակը։

Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ Սերժ Սարգսյանը նույնպես հրավիրվելու է հանձնաժողով, և նրան տրվելու է ամենակարևոր հարցը․ իսկ թե ո՞րն է ամենակարևոր հարցը, Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց։ Հարցը կբարձրաձայնի այն ժամանակ, երբ որ հրավիրվի Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, նա բացառում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա գալ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

«Ուզում եք ասել՝ պետք է փախչի Միքայել Հարությունյանի մո՞տ։ Ինչպե՞ս կարելի է ապրիլյան քննիչ հանձնաժողովին չարձագանքել, դա նշանակում է քաղաքական ինքնասպանություն, եթե իրենք քաղաքական հեռանկար տեսնում են իրենց կյանքում, բա այս հարցերի պատասխան ո՞վ պետք է տա»,- ասաց նա։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավելեց, որ ցանկանում է հանձնաժողովի նիստերից ամենակարևորը անցկացնել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի անունը կրող տարածքում։ Թե ո՞ւմ մասին է խոսքը, Անդրանիկ Քոչարյանը չասաց։ Ըստ պարոն Քոչարյանի՝ վաղը հանձնաժողովը աշխատանքային քննարկում է անցկացնելու և որոշելու, թե ով է լինելու հաջորդ հյուրը։