Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կեղծ տվյալներով  ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» կայքում․ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ անձնական տվյալներով  ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում, որի միջոցով ծանոթացել է Կոտայքի մարզի 52-ամյա բնակչի հետ և 2012- 2015թթ. ընթացքում շփվելով վերջինիս հետ՝ ձևավորել է մտերմիկ հարաբերություններ և գոյություն չունեցող առողջական, ընտանեկան խնդիրներ լուծելու  մտացածին կեղծ պատրվակներով գումարներ վերցնելու հնարավորությունն իրացնելով, չարաշահել է նրա վստահությունն ու հափշտակել դրանք՝ հետագայում վերադարձնելու կեղծ խոստմամբ:

Այնուհետև  տեսնելով, որ 52-ամյա տղամարդը այլևս չի վստահում կեղծ տվյալներով անձին և  դադարել է գումարներ տրամադրել, որոշել է ներկայանալ իր իրական տվյալներով ու շարունակել տարբեր պատրվակներով  գումարներ վերցնել: Արդյունքում՝ 2012-2015թթ. ընթացքում 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 7.213.273  ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին