Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Հակոբյան
A A
Տնտեսություն

«Հնարավոր չէ մետաղական հանքի շահագործման ռիսկը վերահսկել․ ձեզ օրինակ՝ Ողջին»

Այսօր վաղ առավոտյան Սյունիքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Դեպքի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից, բանապահպանական հասարակական գործիչ, Դավիթ Հակոբյանի հետ, որը բնակվում է Կապանի այն թաղամասերից մեկում, որտեղով անցնում Ողջի գետը, և իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով անդրադարձել էր վթարին։

«Ինձ զանգեց Լևոն Գալստյանը, որին ահազանգել էր բնակիչներից մեկը։ Նախ զանգեցի  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին և ինձ ասացին, որ տեղում են և փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Որտեղից, որ ես ուղիղ եթեր էի մտել, վթարը մոտավոր 10-14 կիլոմետր հեռավորության վրա է կատարվել»,- ասաց թանգարանի աշխատակիցը։

Ըստ Հակոբյանի՝ այն հատվածում, որտեղ Գեղի գետի գետաբերան է և այն թափվում է Ողջի գետի մեջ։ Նա ասաց, որ որոշ ժամանակ առաջ կրկին կապ է հաստատել տեսչական բաժնի աշխատակիցներից մեկի հետ, և վերջինս ասել է, թե փորձանմուշներ են հանվել ջրից, տարածքից և ուղարկվել Երևան, լաբորատորիա՝ վթարի իրական վնասի չափը որոշելու։

«Սա իմ համոզմամբ՝ այն  գլխավոր ռիսկն է, որ մետաղական հանքերի շահագործման դեպքում առկա է, և որն անհնարին է վերահսկել։ Երբ որ Ամուլսարի շահագործման համար պատրաստվող իշխանություններն ասում էին, որ «Մենք կվերահսկենք այդ ռիսկերը», ես ուղիղ եթեր մտա ոչ թե ցույց տալու համար, որ վթար է եղել, այլ նրա համար, որ հնարավոր չէ մետաղական հանքի շահագործման թողած բնապահպանական ռիսկը և վնասը վերահսկել, և սա կկրկնվի պարբերաբար»,- ընդգծեց նա։

Հասարակական գործիչը հավելեց նաև, որ վթարը տեղի է ունեցել պոչուկատարի այն հատվածում, որ մոտ է Գեղի գետի գետաբերանին, որն էլ իր հերթին թափվում է Ողջի գետի մեջ։

 «Ա1+»-ը դեպքի կապակցությամբ զրուցեց նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանի հետ։ Նա ասաց, որ մարզպետն առավոտյան համապատասխան կառույցների հետ եղել է վթարի տեղում։ «Մնացածը մասնագիտական կառույցների՝ բնապահպանական տեսչության, դատախազության, քննչական մարմինների գործն է։ Մարզպետարանն ավելին իրավասու չէ մեկնաբանել»,- նշեց մարզպետի օգնականը։

Հարցին, թե Պողոսյանը հանդիպե՞լ է կոմբինատի տնօրենի հետ, նա պատասխանեց, որ ոչ և որ այս պահին քննություն է ընթանում, զբաղվում են համապատասխան իրավապահ կառույցները։ «Մարզպետը դատախազի, ոստիկանության վարչության պետի ԱԻՆ-ի հետ ուղղակի առավոտյան եղել է այնտեղ և վթարն արդեն վերացված է եղել։ Բայց բնականաբար գետն արդեն աղտոտված էր»,- եզրափակեց Արմինե Ավագյանը։

«Ա1+»-ը զրուցեց նաև Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե պոչատարի վթարի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է։ Նա ասաց, որ իր տեղեկություններով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, սակայն դեռևս հարուցված չէ։