Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը․ Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ասուլիսը (տեսանյութ)

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ են հանդես եկան։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ կարևորություն ունեն։

«Վստահ եմ, որ Վրաստանում նկատել են, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու իմ առաջին իսկ օրից հայ-վրացական բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ և անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ, անմիջական և վստահելի երկխոսությամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև տեղի ունեցած բանակցություններն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փաստեցին հարաբերություններում առկա բարձր մակարդակը։

«Կարևոր և արդյունավետ եմ համարում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները, իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը։ Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգը այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը: Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները», - իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Միջկառավարական նիստին անցկացվել է նաև հայ-վրացական գործարար համաժողով։ Սա, ըստ վարչապետի, կարող է լայն հնարավորություններ բացել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համար։

«Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունացման ապահովման տեսանկյունից»,- նշեց վարչապետը։

Կողմերը նաև միակարծիք են եղել հումանիտար կապերի խորացման վերաբերյալ։

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նույնպես ներկայացրեց, թե ինչ են կողմերը քննարկել։ Նա նաև անդրադարձավ տարածաշրջանում խաղաղության հարցին։

«Խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է, որպեսզի էկոնոմիկայի վրա կենտրոնանալով՝ մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տանք և իհարկե, տարածքային ամբողջականությունը կաջակցենք։ Մենք պետք հզորացնենք մեր հարաբերությունները»։

Վրաստանի վարչապետը համոզված է, որ այս հանդիպումը առաջընթաց է երկու երկրների համագործակցության խորացման համար։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։