Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5cb86abbaa83a_5cb86abbaa87a.thumb
A A
Քաղաքականություն

Ազգային ժողովը ձեռքերը ծալած չի նստելու․ Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Ազգային ժողովը ձեռքերը ծալած չի նստելու և երկրի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծի։ Այս մասին խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից երեկ վարույթ չընդունված, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումին։

«Խորհրդարանն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Հայաստանի կյանքում ի հայտ եկող ցանկացած խնդիր, այդ թվում՝ իրավական խնդիր լուծի և խորհրդարանը լուծելու է։ Խորհրդարանը պետք է ապահովի, որպեսզի Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- ընդգծեց Վահագն Հովակիմյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը ունի այլ տարբերակներ, և կգնա այլ ճանապարհով։ Թե ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, Վահագն Հովակիմյանը դեռ չի բարձրաձայնում։

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատում է, որ օրենսդիր իշխանությունը Սահմանադրական դատավորներին հնարավորություն տվեց այս խնդրի լուծման շահագրգիռ կողմ հանդիսանան, բայց նրանք մերժեցին այդ տարբերակը։

«Չի կարող Հայաստանի Սահմանադրական դատարանը չունենալ հանրային վստահություն, որ մարդիկ նայեն ՍԴ անդամներին և կռահեն, թե ո՞վ ի՞նչ շահով պայմանավորված է այս կամ այն որոշումը կայացնում։ Հայաստանի ՍԴ-ն որպես բարձրագույն դատական ատյան պետք է անվերապահ հանրային վստահություն ունենա և դա պայմանավորված չէ նրանով, թե այնտեղ նշանակված անդամները ինչ են պատկերացնում, մինչև երբ էին պլաններ մշակել, որ պետք է պաշտոնավարեն»,- ասաց նա։

Վահագն Հովակիմյանը կրկնում է՝ խնդիրը Հրայր Թովմասյանը չէ, այլ հանրային վստահություն չունեցող Սահմանադրական դատարանն է։ Խմբակցությունը պետք է խնդիրը այնպես լուծի, որ իրավական շեղում չունենա։ «Իմ քայլը» խմբակցության բոլոր քայլերն ուղղված են լինելու ունենալ հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան։

«Ունենանք այնպիսի Սահմանադրական դատարան, որը երբ հնչեղ հարցի վերաբերյալ որոշում կայացնի, անկախ նրանից, թե այն ում կվերաբերի, եթե այն մեր ցանկությանը հակառակ որոշում լինի, բայց մենք համոզված լինենք, որ այդ որոշումը բխում է Սահմանադրությունից։ Մեզ դա է պետք»,- ասաց նա։

Իսկ Սահմանադրական փոփոխությունների կգնա՞ Ազգային ժողովը․ Վահագն Հովակիմյանը փակագծեր չբացեց։