Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը երբևէ թույլ չի տա, որ Արցախում նոր վայրագություններ լինեն․ ԱԳՆ խոսնակ (տեսանյութ)

ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողություններին, նշեց, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով։ Նրա հավաստմամբ՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հույսիսային շրջանների հայկական համայնքային կառույցների հետ, և ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից, օգնեն այս հարցում։

«Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում դիվանագիտական ներկայացուցիչներից տեղում մեր հայրենակիցների վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիսային շրջանում հայերի թիվը կազմում է 3000 մարդ, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլիի բնակավայրում։ Առայսօր այդ տարածքներում ռազմական բախումներ չկան, և ներկա դրությամբ՝ դրված չէ նաև հայերի արտակարգ տեղափոխման հարցը, ինչի վերաբերյալ  վերջին շրջանում բավականին շատ է խոսվում»։

Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փախստականների հետ հանդիպման ժամանակ կատարած հայտարարությանը, որն է՝ «Տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն, և կկառուցվեն նոր բնակավայրեր, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիրխարք բնակավայրի հետ»։

«Շիրխարքը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է։ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է, բնակեցվել է ադրբեջանցիներով։ Հատկանշական, է, որ այս հայտարարությունն արվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է որպես լուծման լավագույն տարբերակ և տեսլական։ Այն ի ցույց է դնում, որ նրա մոտեցումն է՝ Արցախը առանց իր բնիկ բնակչության։ Խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հավելելով՝ այս հայտարարություններն առավել ընդգծում են Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության հարցի վերաբերյալ մեր առաջնահերթությունը։

«Հայաստանը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա, որ Արցախում նոր վայրագություններ և ցեղասպան նոր գործողություններ լինեն, որոնց դիմակայումը համահայկական խնդիր է»,- ասաց նա։