Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0125665
A A
Քաղաքականություն

Կառավարությունը երկարատեւ զիջումների չի գնա Ալավերդու պղնձաձուլարանի հարցում. Տիգրան Խաչատրյան

Ալավերդու պղնձաձուլարանի ղեկավարությունը քննարկում է վերապրոֆիլավորվելու և ձուլարանի փոխարեն աղացագնդերի արտադրություն սկսելու հեռանկարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ասաց՝ բնապահպանական պահանջներից ելնելով` ձուլարանի գործունեությունը չի կարող շարունակվել այնպես, ինչպես եղել է․ արտանետումները բավական շատ են։

«Կազմակերպությունն ինքը ժամանակին գնահատել է, որ եթե այդ բարձր չափերով բնապահպանական վճարներ է կատարում, ապա չի կարող փակել իր ծախսերը։ Դրա համար ինչպիսի ժամանակավոր լուծումներ էլ տրվեն, միայն ժամանակավոր են լինելու։ Այսինքն` մենք 3 կամ 6 ամիս հետո կանգնելու ենք նույն փաստի առջև»,- ասաց նախարարն ու ավելացրեց, որ կառավարությունը ևս պատրաստ չէ բնապահպանական այս կարևոր խնդիրների հարցում երկարաժամկետ  զիջումների գնալ։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներում կազմակերպությունը չի կարողանա այնպես վերազինվել, որ համապատասխանի բնապահպանական ժամանակակից պահանջներին։
Մինչ այս գործարանի տնօրինությունը աջակցության խնդրանքով արդեն դիմել էր կառավարություն և մերժում ստացել։

«Աջակցության դիմումը եղել է հետևյալ կերպ՝ կառավարությո՛ւն, դուք պատրա՞ստ եք հրաժարվել բնապահպանական պահանջներից և թույլ տալ, որ արտանետումները կատարվեն առանց բնապահպանական վճարներ կատարելու։ Կառավարությունն ասել է ոչ։ Այդպիսի երկարաժամկետ լուծման կառավարությունը պատրաստ չէ, և բնապահպանական պահանջները նրա համար են, որ պահպանվեն»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը։