Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարիա Կարապետյան
A A
Քաղաքականություն

Կառավարող ուժին հնարավոր չէ սատարել բռնության և ատելության խոսքով․ «Իմ քայլը» պատգամավոր (տեսանյութ)

Ատելության խոսքի խնդիրն ամբողջ աշխարհում է տարածված, գտնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանրային գործիչները շատ ուշադիր պետք է լինեն իրենց խոսքում: Նա հավելեց, որ արդեն իսկ հանրային քննարկման է դրվել բռնության կոչերի վերաբերյալ օրինագիծը։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ վերջերս հնչեցրած խոսքերը, ըստ Կարապետյանի, թե՛ ատելության, թե՛ բռնության տարրեր են պարունակում։

Նշենք, որ Բալասանյանը, «Լայվնյուզ» լրատվականին տված հարցազրույցում անդրադառնալով Սասնա ծռերին, ասել էր․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»։

Խոսելով որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված «գլուխը ջարդելու» կոչին՝ «Իմ քայլը» պատգամավորն ասաց, որ թրենդ գոյություն ունի, որ որոշակի խմբեր իրենց երևակայում են կառավարող ուժի պաշտպաններ ու բռնության, ատելության խոսք են տարածում։

«Կառավարող ուժին հնարավոր չէ սատարել բռնության և ատելության խոսքով։ Եվ եթե կան ազնիվ մղումներով երիտասարդներ, ովքեր հայտնվել են այս շրջանակներում, ապա նրանք պետք է գիտակցեն, որ նման խոսքը ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրակարգին, այլ դեմ է դրան։ Իսկ եթե ազնիվ չեն նրանց մղումները, ապա ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում անպայման իրավապահ համակարգը կարձագանքի կոնկրետ դեպքերով, կոնկրետ առիթներով»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է կեղծ լուրերի դեմ պայքարին, Մարիա Կարապետյանը դա տեսնում է հանրությանը ճշմարտության մատուցմամբ։