Բացել լրահոսը Փակել լրահոսը
72250040_1212179872302808_8362928734134599680_n
A A
Պաշտոնական

Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները.

պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն,

տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները,

տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,

պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօթյա զբոսանքի իրավունքը,

բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,

անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմներ,

առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,

չեն պահպանվում զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը հիվանդասենյակներում և այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ և այլն),

բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,

անհրաժեշտ են նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ,

անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,

հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով և այլն:

Այցի պահին Կենտրոնում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչը, իհարկե, ողջունելի է: Սակայն դրանց տևական իրականացման պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գերբեռնված պայմաններում պահելն անընդունելի է:

Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի Առողջապահության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված հարցերի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: