Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քննարկել են զինծառայողներին առնչվող խնդիրներ

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
 
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված նիստին մասնակցել են Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի քարտուղարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
 
«Զինծառայողների կարգավիճակի բարձրացումը իմ աշխատանքի առաջնային սկզբունքներից է»,-բացման խոսքի ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր աշխատակազմում ուսումնասիրված առաջատար երկրների փորձի հիման վրա իրավասու մարմիններ ներկայացվել է առաջարկություն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկները Պաշտպանության նախարարության կողմից հավանության են արժանացել, որից հետո դրանք ներկայացրել եմ ՀՀ վարչապետին կենսագործելու նպատակով»,- ասել է Արման Թաթոյանը։
 
Նիստին քննարկվել են զինված ուժերում կարգապահության ամրապնդման և մահվան դեպքերի նվազման, զինապարտների առողջության պահպանման, զինված ուժերում կանանց ներգրավման, զինվորական ծառայության անցնելու և ծառայությունից արձակվելու գործընթացում առաջացող խնդիրները։ Քննարկվել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հիմնահարցերը:
 
Անդրադառնալով իրավախախտում կատարած զինծառայողների հարցին՝ Պաշտպանի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ զինծառայողին պատասխանատվության ենթարկելուց առաջ պետք է վեր հանել զինծառայողի կողմից կատարած իրավախախտման պատճառները: Դա հետագայում կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն:
 
Հանդիպմանը մասնակցող Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները։
 
Պաշտպանը մշտապես կարևորում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների և Պաշտպանության նախարարության ու շահագրգիռ մյուս պետական կառույցների գործունեությունը:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին