Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԱԱԾ-ն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ցանկանում է, որ կազմաքանդվի Ազգային անվտանգության ծառայությունը, և ստեղծվի անվտանգության ազգային համակարգ։

Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը նշում է, որ ԱԱԾ-ն ԽՍՀՄ-ի Պետական անվտանգության կոմիտեի՝ «ԿաԳեԲեի» հայաստանյան տարածքային ստորաբաժանման մնացորդն է։

«ԱԱԾ-ի մեջ ազգայինը միայն անվանումն է և առանձին ծառայողները, որ համակարգի տրամաբանությանը հակառակ, փորձում են առօրյա գործունությամբ պիտանի լինել հայրենիքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը և հավելեց․

«ԱԱԾ-ն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում և մեր երկրի, մեր ազգի շահերի հաշվին սպասարկում է Մոսկվայի շահերից։ Մեր դիրքորոշումը բխում է մեր պետության շահերից և որևէ նպատակ չունի մերկապարանոց ձևով դեմ հանդես գալ որևէ պետության, այդ թվում Ռուսաստանի։ Մենք որպես ազգային ուժ դեմ ենք, որ օտար պետությունը տեր ու տնօրինություն անի և քողարկված կառույցների միջոցով կարողանա մեր շահերի հաշվին սպասարկել իր շահերը»։

Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, պետք է կազմաքանդի ԱԱԾ-ն և փոխարենը ստեղծի անվտանգության ազգային մարմինների համակարգ։ Եթե այս հարցը չլուծվի, ապա ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ոչ մի բան տեղից չի շարժվի։

«ԱԱԾ-ն, պատկերավոր ասած «վանեցյանաբուծարան» է, հնարավոր չէ այն ամբողջությամբ պահպանելու և չզտելու պարագայում այնպես անել, որ այն ծառայի մեր ազգային շահերին, դա բացառված է։ Մեր ազգային օրգանիզմի վրա եղել է քաղցկեղ և կմնա քաղցկեղ ու կկործանի մեր պետականությունը։ Անհրաժեշտ է օր առաջ կազմաքանդել այն»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։

Եթե Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ ընդունի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծն, ըստ որի՝ ԱԱԾ-ն կդառնա քաղաքական մարմին, ապա ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում պետք է նշանակվի «նորմալ» մարդ։

«Մարդ, որն այդ մարմինների հետ երբևէ կապ չի ունեցել, մարդ, որը իր կենսագրությամբ մութ կետեր չունի և մարդ, որը նվիրված է պետական ինքնիշխանության կայացմանը և որն ունի կարողություն՝ փոխելու ԱԱԾ համակարգը կազմաքանելու և փոխելու»,- նշեց նա։