Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ծանր մարտեր են ընթանում Սիրիայի քրդական ու Թուրքիայի բանակային ուժերի միջեւ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Քրդերը թուրքական բանակի գործողությունների դեմ բողոքի ցույց են սկսել Դիարբեքիր քաղաքում։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի քրդական ծառայության թղթակցի տեսանյութը պատմում է ցույցը Թուրքիայի ոստիկանական ուժերի կողմից դաժանաբար ցրելու մասին։

Ծանր մարտեր են ընթանում Սիրիայի քրդական ու Թուրքիայի բանակային ուժերի միջեւ

Այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիսային հատվածներից, ինչպես Թուրքիայի նախագահն էր խոստացել, թուրքական զորքերը սկսեցին ռմբակոծել քրդաբնակ այդ տարածքները։ Դրան հաջորդեց ցամաքային զորքերի ներխուժումը։ Թրամփը միացավ նրանց, ովքեր քննադատում են թուրքական գործողությունները, սակայն շատերն են այս ամենի մեջ մեղադրում հենց Թրամփին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը պարբերաբար էր հանդես եկել ԱՄՆ-ի աջակից քրդական ուժերին իր երկրի հետ սահմանից հետ մղելու մասին խոստումներով։ Այդ խոստումը նա սկսեց իրականացնել անմիջապես այն բանից հետո, երբ Թրամփի որոշման համաձայն ամերիկյան ուժերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիսային հատվածներից։ Իր որոշումը կարծես արդարացնելու փորձերով, Թրամփն այսօր հայտարարում է, թե քրդերն ու թուրքերը միմյանց դեմ արդեն մի քանի դար է, որ մարտնչում են։

Ծանր մարտեր են այսօր տեղի ունենում քրդական ուժերի ու Թուրքիայի բանակի միջեւ։ Թուրքիան տեղեկացնում է, որ քուրդ տասնյակ զինյալներ են սպանվել։ Տասնյակ հազարավոր մարդիկ էլ հեռանում են իրենց տներից։ Քրդական աղբյուրների համաձայն, կան քաղաքացիական շրջանում զոհեր։

Ինչպես Սիրիայի ժողովրդավարական ուժերի խոսնակ Մուսթաֆա Բալին է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի քրդական ծառայությանը հեռախոսով ասել, քրդերը թուրքերի դեմ կռվելու են նույնիսկ առանց ամերիկացիների մասնակցության։

՝՝Մենք հուսահատ վիճակում չենք։ Մենք կարողացանք միանալ Իսլամական պետության դեմ միջազգային դաշինքին Կալաշնիկով մակնիշի միայն մի քանի ինքնաձիգ հրացաններով։ Արդեն փորձառություն ունեցող 1ՕՕ հազար թվակազմով մեր մարտիկների ջանքերով մենք կկարողանանք գտնել նոր դաշնակիցներ՛՛, ասում է նա ու ավելացնում, որ հինգ տարի շարունակ արժանավայել կերպով համագործակցելով ամերիկյան ուժերի հետ, շատ դժվար է համակերպվել դաշինքի այսպիսի անարժան ավարտի հետ։

Թուրքիայի ներխուժումը դատապարտել են Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն, արաբական աշխարհի առաջնորդները։ Իսկ Թուրքիան, որտեղ այս պահին կա սիրիացի մոտ 4 միլիոին փախստական, հայտարարում է, թե ժամանակն է, որ նրանք վերադառնան իրենց տները։


՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թուրքական ծառայության թղթակցին արաբ փախստականներն ասել են, թե իրենք պաշտպանում են Թուրքիայի ռազմական գործողությունը, քանի որ, ասում են նրանք, այդ գործողությունների արդյունքում քրդերին հեռացնում են այն տարածքից, որը պատկանում է իրենց։


Թուրքիան պնդում է, որ քրդերի դեմ սկսած ռազմական գործողությունների նպատակն այս հատվածում ժողովրդագրական պատկերը վերականգնելն է, ինչի արդյունքում սիրիացիները պիտի վերադառնան իրենց տները։ Այդ նպատակով, հայտարարում է Անկարան, ստեղծվելու է ՝՝անվտանգության գոտի՛՛։ Իսկ աշխարհը մտահոգ է, որ այս քայլով ավելի կարող է սրվել հակամարտությունն այստեղ, ինչի արդյունքում սկսված քաոսի պայմաններում փախուստի կդիմեն Իսլամական պետության՝ Դաեշի գերեւարված ծայրահեղականները՝ դառնալով նոր համալրում այս խմբավորման համար։