Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀԱԿ անդամները ԱՄՆ դեսպանի հետ խոսել են Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման եւ ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ` մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ օրինականության հաստատման հարցերին:

Ժողովրդավարության ամրապնդման կոնտեքստում կարեւորվեց Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը: Օրինականության հաստատման առումով առանձնահատուկ ընդգծվեցին Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, արդար դատավարության եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցերը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին: Հանգամանորեն ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության վերաբերյալ Կոնգրեսի գնահատականները: 

Հանդիպմանը մասնակցեցին դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի փոխղեկավար տիկին Մերի Ալեքսանդրը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը եւ Տարածքային կառույցների հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը: