Բացել լրահոսը Փակել լրահոսը
eyesight-test-720x405
A A
Պաշտոնական

Աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է

2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման  ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, գլաուկոման՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիան՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:

Տեսողության համաշխարհային օրն առիթ է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` ներկայացնելով տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունը: Այս տարի` կառավարության թիվ 318-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, հուլիսի 4-ից  ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, մինչև 18 տարեկան երեխաների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ժամկետային պարտադիր զինծառայողների և   ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և մի շարք այլ սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա և աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում) բժշկական ծառայություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Միաժամանակ, Տեսողության համաշխարհային օրվա շրջանակում առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այցելել է Հայկական ակնաբուժության նախագծի՝ Աչքի շարժական հիվանդանոցը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի Բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Փոխնախարարը ծանոթացել է հիվանդանոցում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ ԲՀ) կողմից իրականացվող՝ ակնահատակի անվճար զննումներին և վիրահատություններին: Այնուհետև, այցելել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ տեղակայված է ՀԱՆ ԲՀ—ի՝ ակնահատակ նկարելու սարքը, որի միջոցով դիաբետ ունեցող անձանց համար ակնահատակի զննման աշխատանքներ են անցկացվում:

 

ՀՀ ԱՆ