Կարեն Վարդանյանի փայփայած երազանքն իրականացավ. Տավուշի մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«WCIT-ը Հայաստանում անցկացնելն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գաղափարի իրականացումն էր։ Դեռ 2014-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ այն օրակարգային հարցերից էր» ,-ասում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որն այն ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրենն էր։
Այս գաղափարը Կարեն Վարդանյանը փայփայել էր տարիներ և քայլ առ քայլ հասել իրականացմանը, ինչպես և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դեպքում, որոնք գործում են անվճար հիմունքով․ տեխնոլոգիաներով հետաքրքրված դպրոցականների համար, որտեղ երեխաները ռոբոտաշինություն են սովորում, խաղեր ստեղծում ու եռաչափ մոդելավորում անում:
Հայկ Չոբանյանը մասնակցել է Մեքսիկայում և Բրազիլիայում անցած WCIT-ին, և վստահ է, որ կարելի է գրանցել առաջընթաց։
«Մեր ազգի մեծ մասը դրսում է ապրում, և մեր հայրենակիցների նրանց մի ստվեր զանգվածը ներգրավված է տեխնոլոգիական աշխարհում։ Հայաստանն այսօր տեխնոլոգիական երկիր է։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք դասվում ենք աշխարհի ամենաառաջատար երկրների շարքում»,- ասում է պարոն Չոբանյանը։
Նրա խոսքով, ապակենտրոնացման ուղերձը, որը այս համաժողովի կարգախոսն է, պետք է հնչի նույնիսկ ՀՀ կառավարության գործունեության մեջ՝ որպես ուղերձ, մշակույթ, մոտեցում։ Նրա համոզմամբ՝ սա է հաղթելու ճանապարհը։
Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից տրվող մրցանակին՝ «Ականավոր մարդկանց» անվանակարգում: Կարեն Վարդանյանն այս մրցանակին արժանացել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում իր ունեցած իր ավանդի համար: