Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մենք մեզ պետք է դիրքավորենք որպես տեխնոլոգիական ազգ․ Սերժ Թանկյան

Բոլոր մարդիկ, որոնք եղել են Հայաստանում, և որոնց հետ ես խոսել եմ, հիացած են իրենց տեսածով, նաև WTIC համաժողովով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ամերիկաբնակ հայազգի երաժիշտ SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Դրանով է, որ Հայաստանը պետք է իրեն ցույց տա, նաեւ «Թումո»-ով, իր կրթությամբ: Հայաստանը պետք է առաջ մղի ժամանակակից տեխնոլոգիական հարթակները, որովհետեւ մենք չունենք նավահանգիստներ: Մենք մեզ պետք է դիրքավորենք որպես տեխնոլոգիական ազգ: Դա պետք է լինի մեր ապագան, մարդիկ դրանով են տպավորվում»,-ասել է նա:

Երաժիշտը նաև խոսել է իր սուրճի արտադրությունից։

«Դրանով ես ինչ-որ առումով իրականություն եմ դարձնում իմ հուշերը, թե ինչպես էին սուրճ պատրաստում իմ մայրիկը, տատիկը։ Ես այդ սուրճը նաև Ամերիկայում եմ սկսել վաճառել։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ ես և իմ նման մարդիկ փորձում են արտասահմանում ներկայացնել Հայաստանը ։Գիտեք, երկրի մասին տպավորությունը կազմվում է ոչ թե նրա դրոշով և քաղաքական գործիչներով այլ հաճախ մշակույթով և սննդով»։

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ երաժիշտը նշեց՝ ինքն աջակցում է բնապահպաններին, սակայն իրեն դուր չի գալիս, որ խնդիրը քաղաքականացվում է։

«Ես տեսնում եմ, որ մարդիկ, ովքեր երբևէ Հայաստանում բնապահպանությամբ չեն զբաղվել, հիմա հանկարծ ակտիվացել են։ Հենց սա է ինձ համար մեծ խնդիր։ Ես որոշակի կապեր ունեցել եմ հայաստանյան այն բնապահպանական խմբերի հետ, ովքեր զբաղվել բնապահպանական տարբեր հարցերով, սակայն ինձ համար այստեղ խնդիրներից մեկն այն է, որ նմանատիպ հարցերը շատ քաղաքականացված են։ Կոնկրետ Ամուլսարի դեպքում հարցն այն է, որ այստեղ նաև կա որոշ իրավական գործընթացների վտանգ, և կա նաև այն խնդիրը, որ ինչ-որ մարդիկ փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ»,- ասել է Սերժ Թանկյանը։