Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այն, որ Արմեն Գևորգյանը կարող է մեկնել երկրից և չվերադառնալ, տրամաբանությունից դուրս է․ փաստաբան (տեսանյութ)

Այն, որ դատարանի որոշումը կբողոքարկենք, միանշանակ է, քանի որ մեր միջնորդությունը բավարելու համար հիմքերը առկա են,- այսօր կայացած նիստից հետո նշեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։ Ըստ այդմ՝ նա չի կարող բուժզննում անցնել Հայաստանի Հանրապետությունից դուրս:

«Նա իր հերթական բուժումները անցել է Ավստրիայում, հետևաբար կրկին անհրաժեշտություն էր առաջացել այնտեղ բուժզննում անցնելու համար», նշեց Էրիկ Ալեքսանյանը։ Դիտարկմանը՝ թե արդյոք Հայաստանում հնարավոր չէ՞ բուժզննումը իրականացնել, նա պատասխանեց․

«Եթե հնարավոր լիներ ՀՀ-ում անցնելու, մենք կանցնեինք ՀՀ-ում։ Եթե մենք ասում ենք, որ պետք է մեկնենք Ավստրիայի Հանրապետություն, հետևաբար այդ բուժզննությունը պատշաճորեն կարող ենք ստանալ միայն այնտեղ»։

Դիտարկմանը, թե դատարանը մտավախություն ունի, որ հնարավոր է, որ Արմեն Գևորգյանը չվերադառնա և խոչընդոտի դատաքննությանը, պաշտպանը պատասխանեց, որ Արմեն Գևորգյանը ի սկզբանե գտնվել է ազատության մեջ և պատշաճ վարքագիծ է դրսևորել։

«Եղել են դեպքեր, որ սույն քրեական գործի վարույթը գտնվել է դատավոր Գրիգորյանի վարույթում, և նրա թույլտվությամբ նա մեկնել է Արցախի Հանրապետություն։ Նա վերադարձել է և շարունակել է իր պատշաճ վարքագիծը դրսևորել՝ մինչ օրս։ Որևէ հիմք, որ Արմեն Գևորգյանը կարող է մեկնել երկրից և չվերադառնալ, տրամաբանությունից դուրս է»․ նշեց նա։