Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Որևէ օրակարգ չեք ներկայացրել, եկել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել ու գնացել․ Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցն է։ Հիմնական զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է։

Ըստ նրա՝ հանձնաժողովը պետք է գործունեությունն ակտիվացնի։

«Օրենսդրական նպատակներով նիստեր հրավիրելը բավականին սահմանափակում է մեր գործունեությունը։ Մինչդեռ մարդու իրավունքների օրակարգը փոքր-ինչ նման է արտաքին հարաբերությունների օրակարգին, այստեղ պետք է, որ քաղաքական բաժանարար գծերը այդքան մեծ դեր չխաղան, և մենք միասնաբար կարողանանք մարդու իրավունքների օրակարգը առաջ մղել։ Հանձնաժողովի աշխատանքները փորձենք ակտիվացնել աշխատանքային խմբեր ստեղծելով և օրենսդրական նախաձեռնությունների վրա համատեղ աշխատենք և ոչ թե առանձին որպես պատգամավոր»,- իր ելույթի սկզբում ընդգծեց Մարիա Կարապետյանը։

Շարունակելով ելույթը՝ պատգամավորը նշեց, որ որոշ ակցիաներում հնչում են կարգախոսներ, որոնք, գուցե համակրելի են այս կամ այն շրջանակին, սակայն  օգտագործվում են մեթոդներ, որոնք դատապարտելի են։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությանը, ընդգծեց, որ ինքը միշտ պատրաստակամ է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քննարկում անցկացնել։ Տիկին Զոհրաբյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Թագուհի Ղազարյանին, հիշեցրեց, որ բազմիցս է ասել՝ եթե ցանկանում են որևէ նախագիծ մշակել, ապա կարող են առաջարկություններ անել։ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել։

«Կողմ եմ, որ ձեզանից գոնե մեկը այս մեկ տարվա ընթացքում ներկայացնեիք որևէ օրակարգ։ Ո՛չ Դուք, տիկին Կարապետյան, ո՛չ էլ Դուք, տիկին Ղազարյան, որևէ անգամ որևէ օրակարգ չեք առաջարկել։ Քանիցս ասել եմ, որ դուք զբաղվում եք կանանց իրավունքների պաշտպանությամբ, ձեզ խնդրել եմ՝ եկեք կազմակերպենք քննարկում բռնության ենթարկված կանանց վերաբերյալ, առ այս պահը դուք որևէ թուղթ սեղանի վրա չեք դրել։ Դուք գիտե՞ք, թե ես օրական քանի հոգեբուժարանում եմ եղել, քանի կանանց եմ հանդիպել, հիմա եթե ես Ֆեյսբուքում դա չեմ ճպացնում, դա չի նշանակում, որ ես ոչինչ չեմ անում։ Այնպես, որ եկեք այստեղ մեղադրանքներ չհնչեցնենք։ Ես համբերատար մարդ եմ, բայց երբ որ տեսնում եմ, որ արդեն անցնում են արդարության սահմանը, թույլ չեմ տա, որ իմ գործունեության հանդեպ արդարության սահմանը անցնել։ Տիկին Ղազարյան, որևէ անգամ Դուք չեք ներկայացրել որևէ օրակարգ, եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել կամ չեք քվեարկել ու գնացել եք»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի՝ Թագուհի Ղազարյանը հորդորեց Նաիրա Զոհրաբյանին չվիրավորել։

«Ես Ձեզ հետ տեսախցիկների բացակայության պարագայում չեմ շփվել, իմ միակ շփումը եղել է հանձնաժողովների նիստերում։ Հետևաբար, իմ և Ձեր բոլոր ասածները մինչ օրս արձանագրվել են, և կարիք չկա ինձ վրա մուննաթ գալ»,- շեշտեց Թագուհի Ղազարյանը։