Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին. Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ներկա չլինելը խորհրդարանում քննարկվող ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի զեկուցմանը:

Բացի այդ, Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում նաև այսօր՝ ավելի վաղ Հրայր Թովմասյանի հայտարարությունը:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ անհարգալից վերաբերմունք է դրսևորել խորհրդարանի նկատմամբ՝ տարանջատելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Ալեն Սիմոնյանը մեջբերեց Հրայր Թովմասյանի հայտարարությունից մի հատված և դիմեց նրան.

«Պարոն Թովմասյան, դուք Սահմանադրական դատարան չեք, դուք ընդամենը մեկ անդամ եք: Մի՛ վերագրեք Ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան, մի՛ փորձեք դրանով «հանցակից» դարձնել ՍԴ մյուս անդամներին… Դուք չեք վայելում վստահություն, որովհետև Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն եք գրել, որովհետև Սերժ Սարգսյանի համար Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել: Հանրությունը Ձեզ չի վստահում և չի վստահելու Ձեր կայացրած որոշումներին»,- ընդգծեց նա:

«Ձեր հարցազրույցի մեջ ասել եք, որ Ձեզ նշանակողը արդեն չկա, այո, նա չկա: Ձեզ նա չի նշանակողը, այլ խորհրդարանն է նշանակում: Այո, նա չկա, և Դուք գնալու եք նրա հետևից: Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին»,- հավելեց Ալեն Սիմոնյանը: