Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ)

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նեղ կազմով նիստին քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև բյուջեների ներմուծման մաքսատուրքերի բաշխմանը վերաբերող հարցեր, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի և աշխատակազմի և այլ հարցեր։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով, և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար։

Սինգապուրի հետ ԵԱՏՄ երկրների առաջնորդները կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

Նիկոլ Փաշինյանը ողջունեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակից պետությունների ղեկավարներին։

«Հայաստանի համար սա նշանակալից միջոցառում է, մենք շատ ուրախ ենք Երևանում հնարավորություն ունենալ հյուրընկալելու բարձր հյուրերին, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի հանդիպումը և դրանով իսկ մեր ներդրումն ունենալ հետագա ինտեգրումն առավել խորացնելու համար։ Մենք նպատակ ունենք առավելագույն արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում, միաժամանակ ջանքեր գործադրել համագործակցության մեխանիզմը կատարելագործելու ուղղությամբ և ինտեգրման տարածքի արդյունավետ գործունեության համար»,- ելույթում ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նիստի հետագա ընթացքը տեղի կունենա փակ ռեժիմով։