«Հայփոստ»-ի մատուցած ծառայությունները 12,5 անգամ ավելի թանկ են, քան՝ բանկերինը․ «Իմ քայլը» պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի խոսքով՝ Հանրապետության 601 համայնքների մեծ մասում ուղղակի ներդրում չի լինի «Հայփոստ»-ի մասով, որովհետև տնտեսապես անարդյունավետ կլինի։
Ըստ տնտեսագետի՝ բնակչության մի զգալի տոկոսն ուղղակիորեն կենսաթոշակ ստանալու, թերթ գնելու, տարբեր տեսակի վճարումներ կատարելու համար խնդիրներ կունենա։ Շարունակելով՝ Պապոյանն ասաց, որ «Հայփոստ»-ը տնտեսապես անարդյունավետ ու թանկ ծառայություններ է մատուցում, և դրա մասին խոսել է պետք։
«Օրինակ՝ կենսաթոշակ վճարելու դեպքում «Հայփոստ»-ը 180 միլիարդ դրամի կենսաթոշակ է վճարել, որը կազմում է ընդհանուր կենսաթոշակների 60 տոկոսը, և պետությունը դրա համար վճարել է 1,5 միլիարդ դրամ, բանկերը՝ մնացած 40 տոկոսը՝ 120 միլիարդ դրամ»,- ընդգծեց նա։
Պետությունը սակայն, տնտեսագետ պատգամավորի խոսքով, վճարել է ընդամենը 80 միլիոն դրամ։ Ըստ Գևորգ Պապոյանի տվյալների՝ «Հայփոստ»-ի մատուցած ծառայությունները 12,5 անգամ ավելի թանկ են, քան՝ բանկերինը։
«Հետևաբար՝ մենք էստեղ խնդիր ունենք։ Եվ նոր կոնսենսիոն կառավարիչը կլինի, թե հետագայում մասնավորը կլինի, թե որևէ այլ կառավարման տեսքով, մենք պետք է ձգտենք այս ծառայությունները դարձնել հնարավորինս ավելի էժան։ Ընդհանրապես՝ «Հայփոստ»-ի մատուցած ծառայությունները, որովհետև կրկնում եմ՝ դրանք մրցունակ չեն։ «Հայփոստ»-ն այսօր աշխատում է, որովեհետև չունի մրցակից։ Եվ ըստ էության՝ նրա բոլոր ծառայությունները, այո՛, կրկնում եմ՝ հիմնականում ոչ մրցունակ են»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։