Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Մշակույթ

Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար Concertgebouw-ում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը համերգով հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաու»-ի Մեծ դահլիճում (Concertgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ):

Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Թոփչյանը ղեկավարելու է Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում՝ Բեթովեն, Բրամս, Ֆրանց Դոպլեր:

Թոփչյանի խոսքով՝ այս համերգը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է իր համար, քանի որ «Կոնցերտգեբաու»-ում հարյուր տարուց ավել է արդեն ելույթ են ունենում աշխարհի լավագույն դիրիժորները. սա քննության պես մի բան է: Հրավերն արդեն մեծ նշանակություն ունի, բայց պետք է նաև արդարացնել հրավիրող կողմի սպասելիքները, ապացուցել, որ չեն սխալվել: 

«Կոնցերտգեբաու»-ն կառուցվել է 1883-1888թթ-ին Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: Concertgebouw-ի Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Դահլիճի բացումից ի վեր այստեղ ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորները՝ Հերբերտ ֆոն Կարայան, Կլաուդիո Աբբադո, Ռիկկարդո Մուտի, Վալերի Գերգիև  և այլոք:

Թոփչյանը մինչ «Կոնցերտգեբաու»-ի համերգը հոկտեմբերի 5-ին Բուդապեշտի սիմֆոնիկի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում (Festival van Zeeuwsch-Vlaanderen): Սա նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է, մինչ այս նրանց հետ ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում:

Թոփչյանի հայաստանյան գալիք համերգը ՀԱՖՆ-ի հետ կկայանա հոկտեմբերի 16-ին՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Համերգին մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: Ծրագրում՝ Սիբելիուսի Ջութակի կոնցերտ, Ռավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր: Փառատոնի մասին բոլոր մանրամասները տե՛ս ՀԱՖՆ-ի կայքում: