Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փոքր և միջին ձեռնարկատիրությունները տնտեսության ողնաշարն են․ Բուլղարիայի դեսպան (տեսանյութ)

Երևանի «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Բուլղարիայի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ, Էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ միասին (որպես գործընկերներ) կազմակերել է «ՓՄՁ և Կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» խորագրով կոնֆերանս-քննարկում։ 

Ելույթով հանդես եկավ Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան։ Նա կարևորեց Հայաստանի գործատուների միության՝ փոքր և միջին ձեռնարկությունների առաջմղմանն ուղղված ջանքերը։ 

«Մենք գիտենք, թե որքան կարևոր են ՓՄՁ-ները․ նրանք տնտեսության ողնաշարն են։ Եվ համաձայն Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոպայում կա ավելի քան 23 միլիոն ՓՄՁ, որոնք կազմում են եվրոպական բիզնեսի 99 տոկոսը։ Եվ նրանք են տնտեսական աճի, նորարարության, զբաղվածության և սոցիալական ինտեգրացիայի  հիմնական առաջ մղող ուժը»,- ընդգծեց դեսպանը։ 

Ցոցորկովան նշեց, որ Բուլղարական դեսպանատունն ու կառավարությունը հպարտ են, որ օժանդակում են Գործատուների միության այս ծրագրին։ Որքան շատ են կանայք ներգրավվում տնտեսական կյանքում, ըստ Բուլղարիայի դեսպանի, պետությունն ավելի բարեկեցություն ու տնտեսական զարգացում է ձեռք բերում։

«Նորվեգիայում հենց որ կանայք ներգրավվել են տնտեսական կյանքում, համախառն ներքին արդյունքի (GNI/ՀՆԱ) գործակիցը մի քանի տոկոսով անմիջապես բարձրացել է։ Ակնհայտ է, որ դա կանանց ներդրումն է»,- ասաց նա։ 

Ի լրումն այս նախաձեռնության՝ Մարիա Պավլովա Ցոցորկովայի փոխանցմամբ, բուլղարական կողմն օժանդակում է ծրագրերին, որոնք միտված են երեխաների իրավունքներին ու կյանքի բարելավմանը, կանանց հզորացմանը կրթության միջոցով, հայաստանյան գործակալությունների կարողությունների զարգացմանը։