Բացել լրահոսը Փակել լրահոսը
70803926_2396788437102966_2415313174308847616_n
A A
Հասարակություն

Թեթև շարժում, և աղբը թափվում է․ ի՞նչ վիճակում է աղբահանությունը Մասիսում (տեսանյութ)

Մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ թեմաների շուրջ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 2018թ․ հոկտեմբերից Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրել է «Ազատ և արդար ընտրությունները՝ որպես ժողովրդավարական հասարակության կայացման խթան ծրագիրը։ Այն իրականացվել է 4 մարզում՝ Շիրակում, Սյունիքում, Գեղարքունիքում, և Արարատում։

Մարզի բնակիչները ոչ միայն դասընթացների են մասնակցել, այլև համայնքի խնդիրների մասին բարձրաձայնել են, մոնիթորինգ անցկացրել ու զեկույցներ գրել՝ առաջարկելով լուծումներ։ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ բնակիչները բազմաթիվ խնդիրներ են վերհանել՝ կապված աղբահանության, ճանապարհաշինական աշխատանքների, խաղահրապարակների և այլ հարցերի հետ։

«Բազմաթիվ այդպիսի դասընթացներ ենք անցկացրել Հայաստանում, ունենք կամավորների մեծ ցանց, և երբ անհրաժեշտություն է լինում՝ որևէ ոլորտում հետազոտություն անելու համար, այդ ցանցը միանում է մեզ։ Այս ծրագրի մասնակիցներից թերևս ոչ բոլորը, բայց շատերը կմիանան մեր թիմին»,- ասաց նա։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սիրվարդ Մամիկոնյանը շեշտում է՝ նպատակն էր դասընթացների միջոցով երիտասարդների կարողությունները զարգացնել։

«Իրենք սովորեցին բացահայտել իրենց համայնքների խնդիրները և դրանց վերաբերյալ մոնիթորինգ անել և զեկույց գրել»,- ընդգծեց նա։

Մասիս քաղաքում աղբահանության վիճակի մասին զեկույց է պատրաստել «Կանաչ Մասիս» հասարակական կազմակերպությունը։ Ինչո՞ւ  են հենց աղբահանության մասին բարձրաձայնել․ ըստ ՀԿ ղեկավար Արթուր Հարությունյանի՝  խնդիրը կարող է հեշտ լուծվել, ընդ որում՝ ոչ մեծ ֆինանսական ռեսուրսներով։

«Կանաչ Մասիս»-ն ուսումնասիրել է Մասիսի քաղաքապետարանի և աղբահանությունը իրականացնող ընկերության  («Մաքուր Մասիս» ՓԲԸ) միջև կնքված պայմանագիրը, որում բացեր է նկատել և առաջարկություններ ներկայացրել։  Ըստ Հարությունյանի՝ Երևանից Մասիսի աղբավայր տարվող աղբը անցնում է Մասիսի կենտրոնական ճանապարհով։  Առաջարկն այն է, որ այլ ճանապարհ կառուցվի։

«Տեխնիկան չի համապաստախանում ժամանակակից ստանդարտներին, աղբը տեղափոխվում է բաց թափքով, ճանապարհները  ոչ բարվոք վիճակում են, մի թեթև շարժում, և աղբը թափվում է։ Աղբամանները ծածկված չեն, դրանք չեն լվացվում։ Երկրորդական փողոցներում իսպառ բացակայում են աղբամանները»,- ընդգծեց Արթուր Հարությունյանը։

Ի դեպ՝ ծրագրի առաջին փուլում մասնակիցները դասընթացներ են անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդություն անելու համար։ Յուրաքանչյուր տարածաշրջանից ընդգրկվել է 35-40 երիտասարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։