8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հողատարածքներ են ձեռք բերում․ Կարինե Աճեմյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի՝ առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որը մեզ անընդհատ հետապնդում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։
Ըստ նրա՝ վարչապետը մշտապես խոսում է այս կամ այն իրադարձության աննախադեպության մասին։ Աճեմյանն անդրադարձավ նաեւ նաեւ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին։
«Ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արել է երկու աննախադեպ հայտարարություն։ Դրանցից մեկը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին ծնկի բերելուն։ Մենք բոլորս գիտենք, թե պատմության ընթացքում ովքեր են մեր թշնամիներից ցանկացել ծնկի բերել եկեղեցուն։ Այս հայտարարությունը աննախադեպ էր։ Երկրորդը վերաբերում է ադրբեջանական ժողովրդին, և Արցախի հարցը լուծելու այն թեզին, որում ադրբեջանական ժողովուրդը պետք է մասնակցություն ունենա»,- ասաց նա։
Կարինե Աճեմյանը աննախադեպ է համարում նաև այն, որ վարչապետը, լինելով ԱՄՆ-ում, որևէ դիվանագիտական հանդիպում չի ունեցել։
«Աննախադեպ է, երբ երկրի ղեկավարը, մեկ ու կես տարի ղեկավարելով երկիրը, հայտնվում է շատ մեծ երկրում և խոսում է նախկին նախագահի մասին, վարկաբեկում է նրան, ասում է, որ քրեական գործեր են հարուցված։ Հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածում, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի հանդեպ որևէ քրեական գործ չկա իրականում, սա, իհարկե, աննախադեպ է։ Պատասխանատվության որևէ զգացում չունենալ և այսպիսի հայտարարություններ անել՝ ես կարծում եմ, որ սա առաջինն է, միակն է և աննախադեպն է»,- նշեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։
Կարինե Աճեմյանը նաև նշեց՝ խորհրդարանում կան պատգամավորներ, որ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հողատարածքներ են ձեռք բերում։
Անուններ, սակայն, նշել չցանկացավ։
«Ես այստեղից, այնտեղից լսում եմ, բայց ես չեմ կարծում, թե դրանք պարզապես խոսակցություններ են։ Դուք տեսաք, որ ընդամենը 6 ամսվա պատգամավորուհին ԱԺ-ից գումար էր ստացել՝ խալիները լվանալու համար։ Մերոնցից ոչ ոքի մտքով երբևէ չէր անցնի բյուջեից փող վերցնել և դա վերածել ինչ-որ տոնի»։
Աճեմյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել էր դեռեւս նախորդ իշխանությունների օրոք։
Նշեց՝ իրենք ստորագրել, բայց չէին վավերացրել․
«Մենք բազմաթիվ միջազգային պարտավորություններ ունենք, այդ պարտավորությունների շրջանակներում ստորագրել կոնվենցիան և վավերացնել՝ տարբեր բաներ են, որովհետև կոնվենցիան մեր Սահմանադրության հետ մեծ հակասության մեջ է։ Ես մեծ պատասխանատվությամբ հայտնում եմ, որ մեր խմբակցությունը, այն կազմով, որով գործում էր, երբևէ չէր վավերացանելու այդ կոնվենցիան։ Իսկ եթե ինքն ասում է, որ մենք ենք եղել դա ստորագրողը, ոչ ոք նրան չի խանգարում ստորագրությունը հետ վերցնել, ոչ թե վավերացնել կոնվենցիան»,- ասաց նա։