Անցկացվելու են «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում անցկացվում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը, որին մասնակցում են ԱՊՀ ՀԱԿ ղեկավար Անդրեյ Նովիկովը, Հայաստանի ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՊՀ այլ երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, և Ուզբեկստան) ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես եկան Անդրեյ Նովիկովը և Էդուարդ Մարտիրոսյանը։
Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծեց, որ վերջին տարիների իրադարձությունները վկայում են միջազգային ասպարեզում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման մասին, ինչից ելնելով՝ ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը նախկինի պես մնում են հիմնական սպառնալիքների շարքում։
«Փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության նվազում չի կանխատեսվում։ Չնայած ներկայում Հայաստանի տարածքի հանդեպ կոնկրետ ահաբեկչական ձգտումներ բացահայտված չեն, այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները եւ դրանով պայմանավորված՝ հնարավոր տարածաշրջանային գործընթացներին ներգրավվելու հեռանկարները, չի կարելի բացառել, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները կարող են Հայաստանն ընտրել որպես գրոհի թիրախ»,- ասաց Մարտիրոսյանը։
Ղեկավար կազմի հավաքի մնացյալ մասը փակ ռեժիմով է։
Նշենք, որ այսօր և վաղը անցկացվելու են «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերը։ Զորավարժություններն անցկացվելու են ԱՊՀ 7 պետությունների տարածքում և նվիրված են վառելիքի և էներգետիկ համալիրի անվտանգությանը: Զորավարժություններին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։