Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Որ պահին սկսես մտածել փառքի ձեռքբերման մասին, երաժշտությունն այդտեղ կվերջանա»․ Կապյուսոն

Նոր սերնդի ամենահանրաճանաչ դեմքերից մեկը՝ ֆրանսիացի թավջութակահար Գոտիե Կապյուսոնն այսօր ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգի ծրագրում կհնչեն դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործություն՝ Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները» և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը։

«Երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Պատիվ է գալ ձեր երկիր, մանավանդ նման առիթով, ինչպիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն է։ Տպավորված եմ ձեր նվագախմբով, հրաշալի երաժիշտներ են։ Ափսոսում եմ, որ կարճ է իմ այցը»,-ասում է երաժիշտը։

Էդուարդ Թոփչյանի խոսքով, նվագախումբը նոր ընկեր ձեռք բերեց։ «Կապը շատ արագ ստեղծվեց։ Նույն «լեզվով» ենք խոսում, ինչը կարևոր է»։

Յուրաքանչյուր գործիք նոր հնչյուն, նոր մոտեցում է պահանջում, նշում է Գոտիե Կապյուսոնը և հավելում, որ այժմյան իր գործիքը՝ 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակը ֆանտաստիկ հնչողություն ունի:

Երաժիշտ լինելը առավելություն է համարում, իսկ հաջողության գրավականը՝ վստահեցնում է, որ անկեղծ լինելն է։

«Սա անընդհատ ճանապարհ է, իսկ ես դեռ ճանապարհի սկզբում եմ։ Որ պահին սկսես մտածել փառքի ձեռքբերման մասին, երաժշտությունն այդտեղ կվերջանա»։