Բացել լրահոսը Փակել լրահոսը
70871126_921777601538218_1469290865804443648_n
A A
Քաղաքականություն

«Ահասարսուռ բացահայտումներ են լինելու «Մարտի 1»-ի դեպքերի մասին»․ Արա Ղարագյոզյան

«Հասնենք դատաքննության, և դուք կտեսնեք, թե ինչ ահասարսուռ բացահայտումներ են լինելու Մարտի 1-ի դեպքերի մասին»,- ասում է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, «Մարտի 1»-ի գործով տուժողներից Անդրանիկի Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը՝ նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը օրինական որոշում է կայացրել։ Իրենք դատարանում հայտարարել էին, որ մտավախություն ունեն, թե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելու ժամանակ կարող է ճնշումներ գործադրել և ազդել դատաքննության ընթացքի վրա։

Ղարագյոզյանն անդրադարձավ նաև պաշտպանների հայտարարությանը։

«Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանների նկատմամբ ինչ-որ ճնշումներ են եղել, նա նաև հարցադրումներ ուղղեց դատավորին, «պատերի տակ վնգստացող» դատավորին անդրադարձավ։ Ես, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ չեմ կարծում, որ այսօրվա դատարանը մանավանդ այս գործով ինչ-որ ճնշումների է ենթարկվում»,- նշեց փաստաբանը։

«Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն այն կարծիքին է, որ այս պահին բաց դատաքննություն է ընթանում, և հասարակությունն ուշի ուշով հետևում է դրան։

«Այս դատաքննության ընթացքում, կարծում եմ, որևէ դատավոր չի կարող խախտում թույլ տալ, որովհետև գտնվում է հասարակության վերահսկողության տակ։ Ես կարծում եմ, որ տիկին Դանիբեկյանը ներկա փուլում կարողանում է բնականոն ընթացքով ապահովել գործի օբյեկտիվությունը և մասնավորապես այդ պահի հետ կապված՝ ես ուզում եմ նշել մի փաստ, որ խոսում է այս պահի դրությամբ դատարանի ունեցած անաչառության մասին․ նույն դատարանը Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդության քննարկումը  տեղում քննության առարկա դարձվեց, տեղում որոշում ընդունեց, և չգնաց խորհրդակցական սենյակ»,- նշում է Սեդա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ դատարանն այդպես վարվեց, որպեսզի ցույց տա, որ Քոչարյանի պաշտպանների խոսքերն այն մասին, թե որևէ մեկը զանգել է դատարանին, ասել է, թե ինչպես վարվի՝ չեն համապատասխանում իրականությանը։

Ասում է՝ իրենք ունեն ապացույց, որ Մարտի 1-ի իրադարձությունների մեջ շատ շահագրգիռ են եղել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։

«Ըստ էության, ունենք, որ Քոչարյանը խորհրդակցության է հրավիրել բոլոր այն ուժերին, որոնք կարող էին իրեն օգնել։ Այնպես չէ, որ որևէ մեկի կամքը հաշվի է առել․ եղել է թելադրողի կարգավիճակում։ Երբ ցուցմունքներին ծանոթանում ես, իրենք ընդունում են, որ իրենց հրաման է տրված եղել, և այդ հրամանը կատարել են։ Ես ուղակի ուզում եմ ասել, որ չեմ տեսնում նրանց կողմից նախաձեռնություն»։

Կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն ծայրահեղ դեպքում և Քոչարյանի դեպքը, ըստ Սաֆարյանի, հենց այդպիսին է։

«Գործի նյութերում առկա են տեղեկություններ, փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը ևս կապ ունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Նրա թիկնապահներն են համազգեստ ստացել, և ինքն է նյութապես օգնել հատկապես Արցախից եկած զինված ուժերին։ Գրավոր ապացույցներ կան։ Ասեմ, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան, ով նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, հստակ այդ կապը տալիս է։ Ներկայացնում  է, որ իր՝ պետական պաշտոնյա լինելու պարագայում Միքայել Հարությունյանից ստացել է հանձնարարություն, որ իր պահեստից տա զինվորական համազգեստ»։,- ասում է նախկին փաստահավաք խմբի անդամն ու ավելացնում, որ Ծառուկյանը ստիպված է եղել տրամադրել համազգեստը։

Ասում է՝ անգամ համազգեստի վերադարձի հետ կապված խնդիրներ են եղել։ Միքայել Հարությունյանը Ծառուկյանին ասել է, որ հագուստն արդեն օգտագործված է, և դրանք վերադարձնելու իմաստ չկա։