Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Պահը, որ ներկա էր, դառնում է անցյալ ու պատմություն․ «Հավերժի ճամփորդ»-ը՝ լուսանկարներում

Ժամանակը փոխում է մարդկային ձեռագիրը, հագուկապը, դիմագիծն ու հայացքը: Պահը, որ ներկա էր, դառնում է անցյալ ու պատմություն: 

Փոխվում են դեմքերն ու առարկաները, պատմություն են դառնում նաև ժապավենի վրա արված լուսանկարները, և ժապավենին գալիս է փոխարինելու թվային ֆոտոխցիկը: 

Ներկայի ու անցյալի պատմության մեջ, սակայն  հավերժ է երկիրը: 

 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին:

«Աշխատել եմ Հեռուստատեսության և  ռադիոյի պետական կոմիտեում, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչությունում»,-ասում է լուսանկարիչը:

«Որպես օպերատոր նկարահանումներ էի անում, ազատ ժամանակ էլ լուսանկարներ: Չեմ սիրել բեմադրած լուսանկարներ, քանի որ իրականը  դառնում է մի տեսակ արհեստական, կաշկանդում թե քեզ, թե լուսանկարվողին»: 

Առաջին անգամ չէ, որ ցուցադրվում է, բայց այս լուսանկարները ցուցադրել է առաջին անգամ: Ասում է՝ նկարների ընտրությունը թերևս ամենաբարդն էր: Հիմնականում 80-ականների գործեր են: Հեռուստաթատրոնի ու ֆիլմերի նկարահանման ընթացքում արված լուսանկարներ, բնանկարներ, հանրահավաք, ծանոթ ու անծանոթ դեմքեր:  

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 29-ը: