Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին.
 
«Հարգելի պարոն Միրզոյան,
 
Թանկագին բարեկամ,
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ խորհրդարանի մեր գործընկերներին ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
 
Մայր հայրենիքում պետականության վերակերտումը մեծագույն երազանք էր, որի իրականացումը հարյուրավոր սերունդների համառ պայքարի ու գաղափարական նվիրումի արդյունք է: Քսանութ տարի առաջ կյանքի կոչելով մեր երազանքը և պաշտպանելով այն մեծ զոհողությունների գնով՝ վերահաստատեցինք, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայի համար կենսակերպ է, իսկ դրա հարատևությունը՝ երաշխիք մեր անվտանգ գոյության, իրավունքների պաշպանության, ազատ ու ստեղծագործ առաջընթացի:
 
Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը, իսկ հայի միտքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծառայի հանուն հայրենի երկրի բարգավաճման ու զորացման, քանզի ավելի լավ հայրենիք ունենալու բոլորիս ձգտումներն ու երազանքները պահանջում են յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը:
 
Վերստին շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ շարունակական ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի շահ մայր հայրենիքի և մեր հերոսական ժողովրդի»: