Բացել լրահոսը Փակել լրահոսը
882C64EA-97E6-46E3-B799-1670F0DBB76B_cx0_cy6_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ այցը Կալիֆոռնիայից սկսելը ճիշտ որոշում էր, համոզված են ԱՄՆ-ում: Չէ՞ որ Կալիֆոռնիա նահանգը ոչ միայն հայ համայնքի, այլեւ՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոնն է:

«Ես գիտեմ, որ նա շատ ջերմ ընդունելության է արժանանալու, իսկ մենք հնարավորություն կստանանք ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ», - նշում է կոնգրեսական Աննա Էշուն։

«Կալիֆոռնիայում է բարձր տեխնոլոգիաների կենտրոնը: Այստեղ են լավագույն գիտնականները, առաջատար ընկերությունները, իսկ Հայաստանը ունի բարձր տեխնոլոգիաների առաջատար երկիր դառնալու նպատակներ»:

Լոս Անջելեում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանին հարակից Grand Park-ում հանդես կգա ծրագրային ելույթով: Հայաստանի վարչապետի խոսքով, «Սփյուռքի մայրաքաղաքը» հանդիսացող Լոս Անջելեսում նա ակնկալում է ջերմ ընդունելություն։

«Լոս Անջելեսը ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության աջակցության ամենակարեւոր կենտրոններից մեկն էր եւ ես ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Նա ցուցաբերում է իր իմաստությունը, երիտասարդ առաջնորդի իմաստությունը, կրկին անգամ ցույց տալով, որքան մտածված են նրա գործողություններն ու այցերը», - Աննա Էշուի կարծիքը կիսում է հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը.

«Կալիֆոռնիայում վարչապետը հնարավորություն կունենա հանդիպելու գործընկերություն հաստատել տեղի տաղանդավոր անձանց հետ, որն էլ կօգնի հզորացնել Հայաստանի տնտեսությունը»:

Լոս Անջելեսից սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը կուղեվորվի Միացյալ Նահանգների Արեւելյան ափ՝ Նյու Յորք, որտես հաջորդ օրը, սեպտեմբերի 24-ի երեկոյան քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Վարդան հայկական տաճարին կից տարածքում հանդիպելու է Նյու Յորքի հայ համայնքին: Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան նախատեսվում է Հայաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:

Այցն աշխատանքային է, ուստի, հատուկ բանակցություններ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի նախատեսվում, երկու երկրների առաջնորդները հավանաբար կհանդիպեն սեպտեմբերի 24-ին Դոնալդ Թրամփի կողմից աշխարհի առաջնորդների համար կազմակերպվող ընդունելության ընթացքում: Վաշինգտոնի ազդեցիկ քաղաքական տեխնոլոգ, Դոնալդ Թրամփի անցումային թիմի ավագ անգամ Քիյթ Նահիգյանի խոսքով, սակայն, ապագայում նման հանդիպումը բացառված չէ.

«Նախագահ Թրամփը համոզված է, որ Հայաստանը հրաշալի երկիր է, իսկ հայ ժողովուրդը հիանալի ժողովուրդ է: Չեմ կարծում, թե հանդիպման հետ կապված որեւէ խնդիրներ լինեն, պարզապես, դրա նախապատրաստումը ժամանակ է պահանջում եւ այդ աշխատանքն իրականացվում է»: