Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0878
A A
Քաղաքականություն

«Հայաստանում ներդրումների համար ամուր հարթակ կստեղծվի» (տեսանյութ)

Երևանի «Ռամադա» հյուրանոցում Եվրոպական Միության, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ տեղի է ունենում Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման պաշտոնական արարողությունը:
 
ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ ներգրավելու է 70 միլիոն եվրո՝ Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար։
 
Հիմնադրամը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ։ Գրասենյակի նպատակն է լինելու վերականգնվող էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիայի, զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծումը։
 
Նախաձեռնությունն ընդգրկում է նաև Եվրոպական բանկի՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ներին խորհրդատվության տրամադրումը։ 
 
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերովնան նշեց, որ այս նախաձեռնությամբ հաշվի է առնվել հայկական Սփյուռքի գործոնը։ Մատերնովայի խոսքով՝ սա կարևոր  առաջնահերթություն է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորում տրամադրելու տեսանկյունից։ 
 
ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն նշեց, որ բավականին բարդ ճանապարհ են անցել հիմնադրամի ստեղծման համար։
 
Ծրագիրը, Պատրոնեի խոսքով, Հայաստանում ներդրումների ամուր հարթակ ստեղծելու նպատակ է հետապնդում։ 
Ներկաները հանդես եկան մամուլի ասուլիսով, որին  հաջորդեց հուշագրի ստորագրումը:
 
 

Ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։

Ելույթով հանդես եկավ փոխվարչապետը։ Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի, «Ամբեր կապիտալ» ընկերությանը ծրագրի նախաձեռնության համար։ Փոխվարչապետը կարևորեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը։ «Ժամանակակից աշխարհում այն ազգային տնտեսությունների վերակառուցման և զարգացման գլխավոր նախադրյալներից մեկն է», - ընդգծեց նա։

 

Ըստ Ավինյանի փոքր և միջին բիզնեսները ճկուն են փոփոխվող շուկայական հարաբերություններում, կարող են էական ներդրում ունենալ միջազգային առևտրի, արտահանման խթանման հարցում։